ՊԱՏԱՆԵԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹԻՒՆԸ

ՍԻՐԱՆՈՅՇ ԴՒՈՅԵԱՆ
...ու գետերը կ՚երթան մինչեւ հոն, մինչեւ սկիզբը պատմութեան,
հոն, ուր են կորսուած պզտիկ տղաքը:

2016թ. վերջին Ինքնագիր գրական ակումբը լոյս ընծայեց Քրիստիան Բատիկեանի «Սուփըր հերոսները կը մեռնին ամրան» գիրքը: Սա հեղինակի առաջին հատորն է, համեստ մի հատոր ոչ միայն ձեւաւորմամբ (շապիկը եւ պատմուածքների գծանկարները` Էլիս Սարգիսեան, ձեւաւորումը` Գէորգ Փալանճեան, խմբագիր` Մարուշ Երամեան), այլ նաեւ հեղինակի ոճով: Այն բերում է մեր գրականութեան մէջ ոչ այնքան յաճախ հանդիպող պատանեկան մի փորձառութիւն, բայց որ առաւել կարեւոր եմ համարում` այդ փորձառութիւնը ասող լեզու: Հատորն իրենով մի քանի խնդիրներ է ի յայտ բերում միանգամից, որոնք էլ ուզում եմ ներկայացնել:

Գրքում ընդգրկուած առանձին պատմուածքները մանկութիւնից հասունութիւն անցնելու տարբեր դրուագներ են ներկայացնում, սակայն դրանք բոլորը խորքում կապուած են միմեանց իբրեւ ամբողջական մի փորձառութեան տարբեր դրուագներ: Սա թոյլ է տալիս, որ հատորն ընկալենք իբրեւ ամբողջութիւն եւ ոչ առանձին պատմուածքների ժողովածու: Սա թոյլ է տալիս նաեւ, որ տարբեր պատմուածքներում տարբեր անուններով հանդես եկող կերպարներին ընկալենք իբրեւ մէկ` պատանեկան փորձառութեան մամնացում, որն իր հերթին մղում է տարբեր կերպարների կողքին քայլ առ քայլ մարմնաւորուած տեսնել մի առաւել ընդհանրական` “պատանու” կերպար:

Պատանեկան փորձառութիւնն իբրեւ անհատի համար մանկութեան ու հասունութեան միջեւ երկատուած, ինքն իրեն կորցրած անխուսափելի մի պահ, արտայայտւում է ինչպէս մարմնական ու աշխարհայեացքային փթթումներով, այնպէս էլ միջավայրի հետ կոնֆլիկտով: Սա այն պահն է, երբ մարդն արտաքին միջավայրն ընկալում է ոչ այն է մանուկի, ոչ այն է հասունի հայեացքով: Այս փորձառութեան մէջ միշտ էական դերակատարութիւն են ունենում մանկական երեւակայութիւնը սնած աղբիւրները: Սփիւռքում սրա հետնախորքում միշտ ծուարած է ընտանեկան թնջուկուած մի իրադրութիւն` կապուած հայրենի/հարազատ տեղի կորստի եւ ընտանեկան ողբերգութիւնների հետ: Սփիւռքահայ գրական աւանդոյթում մանկական երեւակայութիւնը սնող հիմնական աղբիւրը ընտանեկան այն պատմութիւններն են, որոնք պատմում են, թէ ինչպէս են ջարդից, սովից ու աղքատութիւնից փրկուել ընտանիքի անդամները: «…Գիրք չկար, մանկական հեքիաթներ չկային, Հայաշէնի ու շատ մը այլ շրջաններու մէջ ապրող մանուկներու մանկական հեքիաթները աքսորի պատմութիւններն էին…»(1), գրում է Գրիգոր Պըլտեանը: Սփիւռքում, ուրեմն, մանկական երեւակայութիւնը սնւում է աքսորի պատմութիւններով:

Քրիստիանի հատորը այլ Սփիւռք է բերում: Ստամբուլում հասակ առնող պատանու ինչպէս միտքը, այնպէս էլ առօրեան Ամերիկեան կոմիքսների հերոսներով է ձեւաւորւում` Captain America, Winter Soldier, Black Widow, The Mighty Thor, Deadpool, Avengers: Նրա կեանքն ընթանում է ընկերների հետ դեռ մանկական, բայց արդէն իսկ ոչ անմեղ կատակներով` սեփական մարմինը յայտնաբերելու փորձերով, կեանքի մէջ առաջին թշնամիները վաստակելով, ընտանեկան ըմբոստութիւններով: Բոլոր իրադրութիւններում նա առաջին անգամ ճանաչում է պարտութիւնը` ատելութիւնը լռութեամբ կուլ տալով, ձայնը կոկորդում խեղդելով, անզօրութեան արցունքները կուլ տալով: Նա կեանքին հպւում է առաջին անգամ` բոլոր իրադրութիւններում ապուշ կտրած անդրադառնալով, որ աշխարհն այլ է, այն չէ, ինչ իր երազային հերոսների կեանքում: Եւ այս ամբողջը պատահում է, որովհետեւ այդպէս պատահում է սովորաբար եւ ընդհանրապէս: Ընդգծում եմ վերջին երկուսը, որովհետեւ Քրիստիանի տեքստում պատանու հետ պատահող դէպքերը արտասովոր են միայն, որովհետեւ պատահում են առաջին անգամ, բայց սովորական են, որովհետեւ ընդհանրապէս պատահում են պատանիներին, երբ նրանք յանկարծ յայտնաբերում են, որ իրենց երազային աշխարհի ու կեանքի միջեւ անջրպետ կայ: Այդ անջրպետը պատմուածքներում արտայայտւում է մի քանի պատումների զուգահեռ, երբեմն խաչուող կամ հատուող ընթացքով: Դրանք կազմում են նաեւ պատանեկան փորձառութեան երեք մակարդակները:

Առաջին մակարդակում “պատանու” երեւակայական կեանքն է Ամերիկեան կոմիքսային աշխարհի յայտնի հերոսների ու նրանց պատմութիւնների հետ: Վիպային այդ աշխարհը հմայիչ է ոչ միայն որովհետեւ դա դրսի մեծ աշխարհն է, այլ որովհետեւ այն արմատապէս տարբեր է, գեղարուեստական աշխարհ է, եւ հմայիչ է հէնց դրանով: «Կը հիանայիր ինձմով: Բայց ես պարզապէս թուղթէ օրինակն էի անոր… անոր որ… չեմ գիտեր կա՞ր ինք, թէ միայն օրինակները կային: Երբեմն կը խորհիմ թէ չկար, կայինք միայն մենք, իր թուղթէ զաւակները»(2): Ուրեմն, ոչ թէ կոմիքսների միջոցով Ամերիկան է, որ հմայում է պատանուն, այլ հէնց կոմիքսներն իրենք` թղթէ, հեշտութեամբ տեղից տեղ գաղթող, պատահական հանդիպումների ու բաժանումների, լքումների ու վերայայտնութիւնների մի աշխարհ: Դրանք հէնց այդպէս էլ ներառնուած են տեքստի մէջ: Պատմուածքներում կոմիքսային աշխարհը զարգանում է իբրեւ առանձին պատում: Այդ պատումը կառուցւում է տարբեր տարիների կոմիքսային վէպերից եկող վաւերական հատուածներով (ինչպէս Black Widow-ում The Black Widow: The Coldest War, Marvel Graphic Novel-ից), ինչպէս նաեւ իրենց իսկ կողմից իրենց իսկ աշխարհի մասին խօսքով (ինչպէս Avengers-ում): Պատմուածքների հերոսների կեանքի պատմութեանը զուգահեռ զարգացող գեղարուեստական աշխարհը` թղթի աշխարհը, պատանու երեւակայութիւնը սնող գերհերոսներով աշխարհն է, որը ոչ ուղղակիօրէն, բայց զուգահեռաբար կայ‘ պատանո՛ւ կեանքում: Այն որքան երազային, նոյնքան էլ իրական է, եւ շատ իւրօրինակ դեր է խաղում պատանեկան փորձառութեան մէջ: Կոմիքսներով ներկայացող դրսի աշխարհը “պատանու” համար դուրս չէ. այն կարծես այն հետնախորքն է, որի հետ անձայն երկխօսութեամբ է առաջ շարժւում պատանին:

Միւս մակարդակում “պատանու” անմիջական` մարմնական փորձառութիւնն է սոցիալական եւ ընտանեկան միջավայրում: Սոցիալական, ընտանեկան եւ սեռային աշխարհը պատմուածքներում ներկայանում է իբրեւ նոր պեղելիք աշխարհ: Բայց դրանք են, որ իրենց կտրուկ իրադարձութիւններով, հերոսներին իրականութեանը առերեսելով` շրջադարձային են դառնում նրանց կեանքում: Այստեղ է ահա, որ բացւում է Սփիւռքի հետնախորքը` ինչպէս ընտանեկան, այնպէս էլ հանրային օտարման թէեւ նոր, բայց արդէն իսկ որոշակի աւանդոյթ ունեցող անխուսափելի բարդութիւններով: Մօր եւ որդու, պապի եւ թոռան միջեւ յարաբերութիւնները միայն ընտանեկան-հոգեբանական չեն: Դրանք հանրային են նաեւ, ինչպէս Deadpool պատմուածքում, որտեղ բախւում ենք ժամանակակից Սփիւռքի թերեւս ամենանուրբ, բայց նաեւ ամենաբարբարոս խնդրին` լեզուի խնդրին:

Ծագումով ֆրանսուհի մօր եւ ծագումով հայ հօր կաթոլիկ ընտանիքում մեծացող կոմիքսների աշխարհում ապաստան գտած պատանու կաղանդն անգամ իբրեւ ընտանեկան տօն միանշանակ չէ: Երկու Ս. Ծնունդ, կաղանդի երկու նուէր` գնուած նոյն հօրենական պապի կողմից, քանի որ մայրը դրամ չունի դրա համար, հայրական ընտանիքի ցուցադրական գերադասութիւն, մայրական ընտանիքի բացակայութիւն, մօր ներկայութիւն եւ հօր բացակայութիւն, երկու պատանիների` աւագ եղբօր եւ հերոսի` ընտանիքը եւ մօրը պաշտպանելու ցանկութեան արթնացում — սա է պատմուածքի բովանդակութիւնը: Այստեղ էլ գործ ենք ունենում ժամանակակից Սփիւռքի կնճռոտ խնդիրներից մէկի հետ: Երկու պատանիներն էլ խառնամուսնութեան զաւակներն են, որոնք բախուել են յանկարծ ընտանեկան յարաբերութիւններում անլուծելի դարձած օտարուածութեանը: Հայրական ընտանիքի դէմ ըմբոստութիւնը աւագ եղբօր մօտ առնականութեան արթնացման` իր ընտանիքի հոգը հոգալու եւ մօրը ստորացումից ազատելու հետ է կապուած: Փոքր եղբօր` պատմողի մօտ, ընտանեկան կացութեան դէմ ըմբոստութիւնը, որ արդիւնքն է կարծես մեծ եղբօրը հետեւելու («Եւ պիտի քալես ետեւէն, ջանալով իր մեծ քայլերուն հասնիլ» (էջ 103), ի յայտ է բերում մէկ այլ խնդիր: Հերոսը չի կրում մօրենական լեզուն: Պատմող հերոսի մօտ մօրից օտարուածութեան հիմքում իր այլ` գեղարուեստական աշխարհին պատկանելն է: Սա ինքնին ուշագրաւ պահ է: Սփիւռքահայ գրական աւանդոյթում Սփիւռքի գոյութիւնը կապւում է հայրական օրէնքի չգործելու հետ, որի արդիւնքում գործ ենք ունենում մօրենական օրէնքի զօրաւոր ներկայութեան հետ: Պատմութիւններով հաւաքականութիւն ստեղծելը եւ լեզուով կերտուելը Սփիւռքի գոյաբանութեան հիմքն է: Այստեղ տղան չի պատասխանում մօր որեւէ առաջարկին: Մօրից այս անջատումը կարծես անդառնալի է. «Ներէ որ լեզուդ չեմ խօսիր»(էջ 103)։ Պատանեկան ըմբոստութեան` մօրից անջատուելու պա՞հ, թէ՞ մօր մայրենի լեզուն ‘մօրենական լեզո’ւ չընդունելու որոշում: Հարց, որ ամեն դէպքում միանշանակ չէ գոնէ այս, եւ հարց, որը յարացուցային է նաեւ ժամանակակից Սփիւռքի պարագայում: Լեզուով կորուսեալ աշխարհը վերակերտելու եւ այն իր սկզբնական լիութեանը հասցնելու Սփիւռքահայ աւանդոյթն այստեղ կարծես նոր հանգրուան է նշում` բախուելով ներկայ կացութեան բարդութիւններին:

Եւ ի վերջոյ կայ երրորդ մակարդակը: “Մօրենական լեզուից” կտրուածութիւնը սակայն ամբողջութեամբ չի հանում սեփական սկիզբը որոնելու ցանկութիւնը: Իբրեւ ընդհանրական կերպար ներկայացող պատանին կարծես երկփեղկուած է ներկայի ու անցեալի միջեւ եւ երկուսին էլ նայում է ապագայից: Ժամանակային այս պառակտումով կերպարը հարց է դնում ինքնակերտման: Այստեղ Քրիստիանը դիմում է մի քանի միջոցների: Winter Soldier-ում օրինակ գործ ենք ունենում յիշողութեամբ վերակերտուող իրականութեան հետ, երբ հերոսը ուղղակիօրէն վերադառնում է մանկութեան վայրերը եւ արտապատկերում դրանք կարծես ուրիշ մի աշխարհից, գուցէ` ապագայից: Պատմուածքներում կոմիքսային ու անմիջական կեանքի պատումների արանքում կարող ենք հանդիպել նշմարներ, որոնք քնարական կերպով միջամտում են պատումներին: Կեանքին առաջին անգամ բախուած պատանին կարծես վերացած մի հայեացքով նայում է այդ պահին այլ ժամանակի միջից: դրուագներից մէկն ահա Black Widow-ի աւարտին, երբ արդէն աւարտուած պատմուածքը յանկարծ շարունակւում է.

«Պիտի գտնես զինք տարիներ վերջ միայն, երբ սանդուխի տակի սենեակը Հարրի Փոթթէր փնտռելով` պզտիկ տղայ մը տեսնես, կծկտած լացող:

Պիտի դառնաս ու հեռանաս, քանի չէ նշմարած քեզ:

Պիտի չանդրադառնաս որ անկէ ետք պզտիկ տղայ մը միշտ կը քալէ քովէդ…»(էջ 57)

Ո՞վ է արդեօք այս` ժամանակների միջով խօսողը: Գրքի խնդրահարոյց կէտերից մէկն է սա: Նոյն ինքը պատանի՞ն, թէ՞: Ի հարկէ, պատանին, բայց այն պատանին, ով իրականութեանը նայում է ցնորային հեռուներից: Նա, ինչպէս իր սիրելի կոմիքսային հերոսները, անարգել ճանապարհորդում է ժամանակների միջով, փոխում տեղ ու պայմաններ, դէպքի իսկ պահին մտովի գաղթում ապագայ: Նա գրքի հերոսների ստուերն է մի տեսակ, որ անակնկալ կերպով կարող է խօսել թիկունքից, անորոշ մի տեղից, երբ հերոսների գաղտնիքները մօտ են բացուելու կամ բացւում են: Նա օժտուած է մի սրատեսութեամբ, որ ոչ միայն թափանցում է իրողութիւնների խորքը, այլեւ կարողանում տեսնել դրանց տեղաշարժը ժամանակների մէջ:

Գրքի լուսանցքին թափառող այս ձայնի միջնորդութեամբ է կարծես, որ կոմիքսային աշխարհն ու պատանի հերոսների ապրածները համադրւում են: Նրա առկայութեամբ պարզ է դառնում երկու բան` թէ ինչու են կոմիքսային պատմութիւններն իբրեւ երկրորդ տեքստ ներգրաւուած պատմուածքներում, եւ թէ ինչու են բոլոր պատմուածքները կրում արդէն իսկ յայտնի կոմիքսային հերոսների անուններ:

Ինչպէս նշեցի արդէն, կոմիքսային պատմութիւնները բոլոր պատմուածքներում կան իբրեւ երկրորդ կամ առաջին պատում (երբեմն դրանցով սկսւում են պատմութիւնները, երբեմն դրանք ծաւալւում են ընթացքում): Բացի այդ, պատմուածքները կրում են կոմիքսային հերոսների անուններ: Կարելի է ի հարկէ ուշադիր լինել, թէ կոմիքսային որ հերոսը եւ որ պատմութիւնը պատանեկան որ փորձառութեանն են զուգադրւում: Այդ մանրամասների մէջ չեմ մտնի այստեղ: Նշեմ միայն, որ թէ հերոսները, թէ իրենց պատմութիւնները պատանու կեանքում նախօրինակի դեր են խաղում: Դրանք հանդէս են գալիս իբրեւ այս մի փորձից առաջ տեղի ունեցած իրադարձութիւններ, որոնց առկայութեամբ հնարաւոր է դառնում ներկայացնել այս փորձառութիւնը: Ինչ-որ իմաստով դրանք պատանու երեւակայութիւնը սնելով հանդերձ` հանդէս են գալիս իբրեւ բուն այս պատմուածքների ու պատանեկան այս փորձառութեան ծննդաբանական սկիզբ: Ամերիկեան կոմիքսային մշակոյթը կէս հայկական-կէս ֆրանսիական ծագումով պատանու երեւակայական, բայց ի հարկէ գործուն սկիզբն է, ծագումնաբանական սկիզբ, որից սերում է նա որպէս առանձին ինքնութիւն: Պատանու համար այն մի կողմից, ապաստանավայր է, միւս կողմից, հրման կէտ: Կոմիքսային աշխարհի տիրական ներկայութեամբ է, որ ներկայի մէջ գտնուող, բայց այլ ժամանակից խօսող ձայնը, սկսում է անդրադառնալ իր իսկ մարմնաւորուելուն:

Նախօրինակ հանդէս եկող կոմիքսային հերոսների եւ պատմուածքների հերոսների միջեւ եղած յարաբերութիւններն ինչ-որ իմաստով անտագոնիստական են: Որքան էլ կոմիքսային հերոսները գալիս են անորոշ մի ժամանակից, նրանք ունեն բնաւորութիւն: Այդ կերպարները զուարճալի ու ողբերգական լինելով (այդպէս ենք հասկանում իրենց պատմութիւններից) իրականութեան մէջ հանդիպում են իրենց երկեակին` նոյնքան զուարճալի ու ողբերգական արարածների: Ոչ բոլոր պատմուածքներն են կառուցուած այս երկու հերոսների հանդիպումներով, բայց գրեթէ բոլոր պատմուածքներում պատանի հերոսները կարծես անձայն զրուցում են թղթէ այս արարածների հետ: Պատմուածքներում կոմիքսային հերոսների ներկայութիւնը իւրօրինակ է: Նրանք մի կողմից օգնում են ‘պատանուն’ աւելի թեթեւ կամ զուարթ ապրել, միւս կողմից սակայն չեն կարողանում օգնել վերջինիս ազատուել իր իսկ անկարողութիւններից: Այս ներքին հակասականութեամբ` զուարթութեամբ եւ միեւնոյն ժամանակ իրական կեանքի առջեւ անկարողութեամբ օժտուած են բոլոր պատմուածքների բոլոր հերոսները: Իրական կեանքը եւ կոմիքսային աշխարհն այս դէպքում “պատանու” մէջ հանդիպում են ողբերգականօրէն: Այդ հանդիպումը կարծես կոտրում է այն, ինչը երազային է: Բայց միեւնոյն ժամանակ այդ հանդիպումը անխուսափելի է: Այն խանդավառում է նաեւ: Amazing Fantasy պատմուածքում միջանկեալ կերպով տրուած է բուն այս հանդիպման պահը: Փակագծուած մի հատուած կայ պատմուածքում, որտեղ ‘պատանին’ ներկայացնում է այդ դէպքը.

«(Երբ գտար գրքոյկները առաջին անգամ — երկու տարի առաջ ըլլալու էր — թիթեղեայ տուփի մը մէջ խնամքով պահուած, կարծեցիր թէ գտար այն տղան որ թաքցուցած էր անոնք… չէիր գիտեր` երբ: Գուցէ երէկ, կամ ամիս մը առաջ, գուցէ` տարիներ առաջ: Երբ որ փոշոտ տուփը տուն բերիր եւ բացիր առաջին գրքոյկը, զգացիր, որ պիտի սպասէիր: Սպասումը մթնոլորտին մէջ խտացաւ, խտացաւ եւ ամբողջ սենեակը լեցուց: Երբեք այդքան խանդավառութիւն չէիր զգացած մէկէն)»:(էջ 81)

Այս հանդիպումը իւրօրինակ է: Նոյն պատմուածքում հերոսի` Պետիկի ու կոմիքսային կերպարների խանդավառ հանդիպումն աւարտւում է նրա` քուրդ տղաների ձեռքից իր կոմիքսների տրցակը հետ խլել չկարողանալով: Բայց սա այն հակասականութիւնն է, որի միջակայքում է մարմնաւորւում լուսանցքային այդ կերպարը, որին կոչեցինք “պատանի”: Սա շատ կարեւոր է ոչ միայն որովհետեւ այսպիսի միջարկումներով (երբ բացի հորիզոնական լարումներից, որտեղ անձը բախուելով իր իսկ սահմաններին ու հնարաւորութիւններին իր անզօրութիւնն է ապրում, այլ նաեւ նա ինքն իրեն կերտում է կարծես ուղղահայեաց լարումի մէջ` ինքն իր հետ խօսելով) տեքստն այլ չափում է ձեռք բերում: Այլ կարեւոր է նաեւ, որովհետեւ այստեղ առարկայօրէն ձեւաւորւում է բազմամշակութայնութեան եւ գլոբալացման ժամանակաշրջանին բնորոշ մի նոր ինքնութիւն:

Դասական Սփիւռքում ինքնութեան կազմաւորումը սերտօրէն առնչուած է Աղէտին, կարծես թէ ինքնութիւնը մանկութեան մէջ մանկութիւն չի ունեցել: Դասական յղումն ի հարկէ Անդրանիկ Ծառուկեանի «Մանկութիւն չունեցող մարդիկ»ն է: Այս հատորով գործ ունենք այլ իրողութեան հետ: Լրագրողուհու տուած հարցին, թէ ինչի մասին է գիրքը, Քրիստիանը պատասխանում է. «Շատ դժուար է. գուցէ՞ մանկութեան, բայց աւելի ճիշդ` կորսուած մանկութեան, այսինքն` մանկութիւն դիտուած որոշակի տեղէ մը, երբոր արդէն կորսնցուցած ես այս մանկութիւնը, դիտուած ո՛չ մանուկի հայեացքով: Կամ կորսուած երազներու» (ընդգծ.` հեղ.)(3): Իրենց սկզբի մէջ «կորսուած [այս] պզտիկ տղաքն» ամեն դէպքում մանկութեան մէջ մանկութիւն ունեցող մարդիկ են:

Այս ամբողջի կոնտեքստում մնում է ուշադիր լինել նաեւ նրան, որ գիրքը լոյս է տեսել Հայաստանում: Կարող էր ի հարկէ լոյս տեսնել այլուր, հայկական Սփիւռքի ցանկացած գաղթօջախում, բայց Հայաստանն է այս դէպքում հանդէս եկել այդ այլուրային վայրը: Իսկապէս այլուրային, քանի որ այն որեւէ կերպ չկայ գրքում: Այն գրքի համար արտաքին աշխարհ է եւ կապ ունի միայն այնքանով, որ տեղ է տուել նրան` լոյս աշխարհ գալ: Չեմ կարծում, որ սա դուրս է գրքի յղացքից: Գիրքն ինքը առարկայացնում է ժամանակակից տեղազուրկ մարդու գոյութեան կերպը եւ ծնունդն է բազմամշակութայնութեան: Այս կոնտեքստում Հայաստանը ոչ հայրենիք, ոչ մշակութային աւանդութիւն հանդէս գալ չի կարող: Նման հատորի համար, որտեղ անհատական փորձառութիւնը եւ դա ասող լեզուն առանցքային են, Հայաստանը կարող է հանդէս գալ իբրեւ ուտոպիկ լեզուական մի միջավայր: Այլ է Սփիւռքի պարագան: Նա նստած է գրքի հիւսուածքներում:

Սոցիալական ցանցերում գրքի հրատարակութեանը յաջորդած արձագանքները տարօրինակ մի իրադրութիւն էին պարզում: Եղած արձագանքներում դժուար տարբերակելի էր այն, թէ ինչու է հատորը հմայել թէ հայաստանցիներին, թէ սփիւռքահայերին: Ինչո՞ւ էին արձագանքողներն այդքան ջերմօրէն վերաբերւում հատորին` մէջբերումներով հաստատելով իրենց մտերմութիւնը տեքստի հետ: Արեւմտահայերէնն է արդեօ՞ք, որ այդքան էկզոտիկ-հմայիչ է հայաստանցիների համար եւ այնքան շփոթեցնող արեւմտահայերէնի մահն ընդունած սփիւռքահայերի համար: Պատահական չէ, որ եղած արձագանքները հիմնականում այս երկու ուղղութեամբ էին: Արդեօ՞ք գլոբալացած աշխարհում պատանեկան փորձառութիւնն իր հակասականութեան մէջ ճշգրտօրէն ասող լեզուն չէ, որ մեզ` հայալեզու ընթերցողներիս, ստիպում է առերեսուել իրեն:

Բոլոր դէպքերում գրաֆիկական վէպի սկզբունքներով կառուցուած այս հատորը ամբողջական լինելով հանդերձ մանրակերտն է կարծես հեղինակի` ֆիզիկական աշխարհագրութիւնը խախտող կամ չեղարկող ցանկութիւնների: Վերջինս գրքի թէ ուժը, թէ տկարութիւնն է միեւնոյն ժամանակ: Եւ դրանով է, որ այս գիրքն աւելի շատ քնարական պատում է ստացուել, քան վիպային: Հեղինակի զուսպ աշխատելու, ինչպէս նաեւ Սփիւռքահայ աւանդոյթը խորքայնօրէն տիրապետելու կարողութիւններն են թերեւս, որ այս դէպքում փրկել են հատորը ճապաղելուց: Հարցը, թէ այս հատորում ուրվագծուած ինքնութիւնը աշխարհագրական տարածութիւնն ու մարմնական փորձառութիւնը ինչպէ՞ս պետք է իւրացնի ու վերակառուցի, բաց է մնում: Բաց է մնում նաեւ հարցը, թէ ինչպէ՞ս տեղի կ՚ունենայ գրաֆիկական վէպի տարրալուծումը յաջորդող «հատոր(ներ)ում»: Չակերտում եմ հատորները, քանի որ ուշադրութիւնս գրաւեց հեղինակի դիտարկումը, թէ ինչու է այսքան ուշացել առաջին հատորը. «Պարզապէս շատ երկար շրջան չէի ուզեր գիրք տպել, որովհետեւ չէի հաւատար ընդհանրապէս գիրքի քոնսեփթին, գիրքի գաղափարին, կը կարծէի 21-րդ դարուն շատ հինցած բան մըն է գիրք տպելը»(4): Գրքի կոնցեպտի հանդէպ այս վերապահութիւնն ինչ-որ կերպ արտայայտուած է հատորում: Գրքի ալբոմ յիշեցնող չափերը, շապիկի մուգ շագանակագոյն եւ գորշ երանգների անցումները, տեքստը նաեւ վիզուալ ընկալելու շեշտադրումները, որի շարունակութիւնն է շապիկին յայտնուած պատանու երկկողմ նկարը, գալիս են դրանից, եւ մասն են կազմում գրքի «հնացած» կոնցեպտի: Տեքստի ընթերցումն սկսւում է շապիկին դրուած պատանու` հայեացքի մէջ սարսափ ու զարմանք պահած պատկերից, անցնելով վիզուալ առումով տարբերակուած պատումներին, աւարտուելով շապիկի դարձերեսին յայտնուած պատանու թիկունքից ներկայացող պատկերով, եւ աւարտւում, երբ գիրքը շրջում ես դիմերեսի կողմը: Տեսողական լարումը, եղածը նաեւ աչքով ընկալելը ընթերցումի մասն են կազմում եւ կարեւոր մասն են: Բայց գիրքն ամբողջութեամբ եւ ոչ միայն տեքստն իբրեւ արուեստի գործ ներկայացնելն ու ընկալելը` իբրեւ մեդիա, գուցէ թէ իսկապէս հնանում է: Սա մարտահրաւէր է, որին գիտակից է Քրիստիանը, եւ որին դիմակայելը ստեղծագործական արարք է ինքնին:

ՍԻՐԱՆՈՅՇ ԴՒՈՅԵԱՆ

Երեւան

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1) Գրիգոր Պըլտեան, «Ես աքսորական հայ գրող մըն եմ», Գրանիշ, 21.04.2012, http://granish.org/armenian-deportee-writer/, այց` 02.03.2017:

2) Քրիստիան Բատիկեան, Սուփըր հերոսները կը մեռնին ամրան, Ինքնագիր գրական ակումբ, 2016, էջ 111:

3) «Քրիստեան Բատիկեան. “Ծանր գրուած գիրք մըն է, կը յուսամ ոչ ծանր ընթերցուող”», Հետք, 20 դեկտ., 2016, http://hetq.am/arm/news/74274/qristian-batikean%E2%80%A4-tsanr-gruats-girq-myn-e-ky-yusam-och-tsanr-yntercuox.html, այց` 2.03.2017:

4) Նոյն տեղում:

Leave a Reply