ԲԱՆԱՀԻՒՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ՝ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՔՆԱՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

ՄԱՐԻՆԷ ՂԱԶԱՐԵԱՆ

Թէեւ գրական ժանրերի տարբերակումը գրականագիտութեան կարեւոր խնդիրներից է, սակայն տեսակների եւ ենթատեսակների միջեւ եղած բարդ յարաբերակցութեան պատճառով միշտ չէ, որ կարելի է դրանք ճշգրտօրէն բնութագրել: Բացի այդ՝ ժանրերը ստեղծուել են գրականութեան պատմական զարգացման տարբեր փուլերում, եւ ամեն անգամ դրանց տարբերակման համար կիրառուել են տարբեր սկզբունքներ (թեմատիկա, ձեւական յատկանիշներ, կերպաւորման եղանակներ, ոճական մակարդակներ եւ այլն): Շատ յաճախ պարզապէս չափանիշ է համարուել քննադատութեան կամ հէնց հեղինակների կողմից տրուած անուանումը:

Այս խնդիրը առկայ է նաեւ Յակոբ Օշականի՝ 1922 թուականին Կ. Պոլսում լոյս տեսած «Խորհուրդներու մեհեանը» ժողովածուում: Թէպէտ գրուածքների մեծ մասն ունի «Հէքեաթ»՝ որպէս ժանրը բնութագրող ենթավերնագիր, կամ պարզապէս վերնագրուած է «Հէքեաթ», այս գործերը, սակայն, անվերապահօրէն հէքեաթ համարելը ճիշտ չէ, քանի որ գրականագիտութիւնից մեզ յայտնի է, որ հէքեաթը ֆանտաստիկ, արկածային, երբեմն երգիծական բնոյթի ստեղծագործութիւն է, որը, չնայած հիմնւում է իրականութեան վրայ, սակայն այն պատմւում է ոչ որպէս իրականութիւն(1): Իր «Խորհուրդներու մեհեանը» ժողովածուին անգամ Օշականը ժանրային տարբեր բնորոշումներ է տալիս՝ այն մի դէպքում համարելով վիպակ մի դէպքում արձակ բանաստեղծութիւն(2): Հարցը տարբեր պատասխաններ է ստանում գրականագէտների ուսումնասիրութիւններում: Կիմ Աղաբեկեանը Օշականի «Խորհուրդներու մեհեանը» համարում է հէքեաթ-պատմուածքների շարք եւ նշում, որ հէքեաթ եւ պատմուածք բառերը օգտագործւում են թէական, ոչ ճշգրիտ իմաստով: Նա կարծում է, որ ներքին բովանդակութեամբ եւ գեղարուեստական կատարման առումով պատմուածքների այդ շարքերը կազմում են հատուածայնութեամբ գրուած վիպական մի ամբողջութիւն(3): Վ. Գաբրիէլեանը գրում է, որ յիշեալ երկերը հեռանում են պատմուածքի ժանրից՝ հակուելով դէպի տպաւորապաշտ արձակ բանաստեղծութեան ժանրը(4): Հաշուի առնելով վերոնշեալ տեսակէտները եւ այն, որ Օշականի ստեղծագործութեանը (բացառութեամբ վէպերի եւ «Խոնարհները» ժողովածուի) բնորոշ է տարբեր ժանրերի համադրումը՝ կարող ենք նշել, որ Օշականի նշուած ժողովածուն կարող է միաժամանակ պատկանել մի քանի ժանրերի: Որպէս ընդհանրացում մէջբերենք Մ. Բախտինի հետեւեալ տեսակէտը. «Ժանրը միշտ էլ այն է, եւ այն չէ, միշտ թէ՛ հին է, եւ թէ՛ նոր միաժամանակ: Ժանրը վերածնւում է եւ վերանորոգւում է գրականութեան իւրաքանչիւր նոր փուլում, իւրաքանչիւր անհատական ստեղծագործութեան մէջ՝ տուեալ ժանրում: Սրանում է ժանրի կեանքը»(5):

Ուսումնասիրելով Օշականի փոքր արձակն ամբողջութեամբ՝ կարող ենք ասել, որ հեղինակն առանձնապէս չի կարեւորում ժանրի խնդիրը: Այնուամենայնիւ, ինչո՞ւ է հեղինակը դրանք հէքեաթ, իսկ իր քննադատութեան մէջ արձակ բանաստեղծութիւն անուանում, արդեօ՞ք ժանրի վկայակոչումը տրամաբանական է, կախուա՞ծ է այն ժամանակի ընթացքում հէքեաթի ժանրի «ձեւախեղման» կամ 19-20-րդ դարերում համաշխարհային (Շ. Բոդլեր, Ռ. Տագոր, Իվ. Տուրգենեւ եւ այլք) եւ հայ (Աւ. Իսահակեան, Աւ. Ահարոնեան, Մ. Մեծարենց, Ռ. Զարդարեան եւ այլք) գրականութեան մէջ արձակ բանաստեղծութեան ժանրի տարածման հետ:

Օշականի «Խորհուրդներու մեհեանը» ժողովածուն տարբեր մտքերի, տեսակէտների, հարցադրումների տեղիք կարող է տալ: Գրականագէտ Վ. Գաբրիէլեանը գտնում է, որ «Այդ պատմուածքները, գիւղի մարդկանց մասին հէքեաթային, բանահիւսական պատմութիւնները բնաշխարհի քնարական պատկերներն էին, որ հաւաքուեցին «Խոնարհները» (1921) եւ «Խորհուրդներու մեհեանը» (1922) ժողովածուներում»(6): Իսկ Կիմ Աղաբեկեանը գտնում է, որ «Օշականը պատրանք է ստեղծում, թէ ինքը յետադարձ հայեացքով վերապատմում է մանկութ օրերին լսած հէքեաթները: Թւում է նաեւ, թէ հէքեաթների միջից ստեղծում է իր հէքեաթները: Մինչդեռ իրականում նա ուղեգծում է իր հոգեխառնութեան կազմաւորման ընթացքը»(7): Ի վերջոյ ո՞րն է գրողի նպատակը՝ վերապատմե՞լ մանուկ օրերի իր լսած զրոյցները, գրել իր խոհերի՞ մասին, գնահատել գիւղի կեա՞նքը, թէ՞…: Մի բան վստահ կարող ենք ասել, որ գրողի գլխաւոր նպատակը իր գիւղի համապատկերը, բարքերն ու սովորոյթները, գիւղի մարդկանց հոգեկան ներաշխարհը բացայայտելն է: Մի խօսքով՝ հայրենի գիւղի ու հայրենի տան յիշատակները վառ պահելը, որի համար որպէս սնող աղբիւր հանդիսացել է ժողովրդական բանահիւսութիւնը: Մեր խնդիրը, սակայն, ոչ թէ հեղինակի գրական ստեղծագործութիւնների բանահիւսական ակունքների, այլ այդ ամենի միջոցով գիւղաշխարհի եւ մարդկանց ներաշխարհի բացայայտումն է:

Ինչպէս հէքեաթն է ընդհանրապէս ժողովրդի մտքի, հոգեկան աշխարհի, երազանքների ու ձգտումների արտայայտութիւն, այնպէս էլ Օշականի «հէքեաթները» դարձան գրողի գեղարուեստական մտածողութեան, աշխարհայեացքի եւ ներաշխարհի արտայայտութիւն: Յիշելով տարիներ առաջ հէքեաթներ պատմող կոյր հօրաքրոջը՝ Օշականը «Կաղանդի հէքեաթ» երկում գրում է . «Ան հովերուն թեւ կու տար, ամպերուն՝ ձայն ու կրակ»(8): Եւ Օշականը պատմում է իր գիւղի հէքեաթը՝ թեւ տալով հովերին, ձայն ու կրակ ամպերին: Նա պատմում է «… շատ մը հէքեաթներ, որոնք իրական ու անիրական կեանքին մէջտեղը կը ծփան»(9):

Որպէս ընդհանուր երեւոյթ նշենք, որ Օշականի «հէքեաթները» հիմնականում ունեն որոշակի սկիզբ, որը բուն հէքեաթին նախորդող հատուածն է: Դրանցում Օշականը խօսում է իր գիւղի որեւէ տեղանուան մասին (Աղուընակ-Քար, Իզնիկի լիճ, Աւետում-Աղբիւր, Աւազանի անտառ եւ այլն), կամ նկարագրում տարածուած որեւէ տօն, ապա հօրաքրոջ, ձկնորսի, բարի պառաւի կամ «մամերի» բերանով պատմում է դրանց առնչվող աւանդութիւններ՝ մտքով ետ գնալով դէպի հայրենի Սէօլէօզ գիւղ:

Օշականի «հէքեաթները» կեանքի եւ մահուան փոխյարաբերութեան, յաւերժական սիրոյ, մարդկային արժէքների եւ յարաբերութիւնների, կնոջ առեղծուածի, ազգային ցաւի մասին պատմող պատմութիւններ են՝ փիլիսոփայական հարցադրումներով: Եւ եթէ փորձենք թեմատիկ առումով խմբաւորել դրանք, ապա կարող ենք առանձնացնել մի քանի խումբ՝ խոհափիլիսոփայական հէքեաթներ, գիւղի տօների, բարքերի ու սովորոյթների մասին պատմող հէքեաթներ, հայ ժողովրդի ճակատագիրը քննող հէքեաթներ:

Օշականն իր հէքեաթներում անդրադարձել է աշխարհստեղծման պատմութեանը («Ինչո՞ւ կը մեռնինք»), փորձել գեղարուեստօրէն պատկերել այդ ընթացքը: Աստծու եւ Սատանայի երկխօսութիւնների, նրանց խոհերի միջոցով գրողը փորձում է գտնել շատերին յուզող հարցերի պատասխանները. ի՞նչ է կեանքը, ինչո՞ւ են մարդիկ մեռնում, ինչո՞ւ է մարդն իր ունեցածը գնահատում այն կորցնելուց յետոյ միայն, ո՞րն է մարդ արարածի կոչումը, ինչի՞ համար են ցաւն ու տառապանքը, ինչո՞ւ է սէրը զուգորդւում մահուան հետ, ո՞րն է ամենածանր կսկիծը, ի՞նչ է պէտք առհասարակ մարդուն եւ այլն: Գտնելով այս հարցերի պատասխանները՝ գրողը պատգամում է ապրել Աստծոյ պատուիրաններով՝ «Սիրի՛ր մերձաւորիդ այնպէս, ինչպէս քո անձը»:

Մարդկային բախտի եւ ճակատագրի հարցերը քննելիս («Ինչո՞ւ կը մեռնինք», «Արեւն ու լուսնկան») Օշականը կարծում է, որ մարդը չի կարող փոխել իր ճակատագիրը, բայց կարող է ազդել դրա վրայ(10): Գրողը հակադրւում է այն տեսակէտին, որ վրայ հասած բոլոր դժբախտութիւնները պայմանաւորուած են մարդու ճակատագրով: Նա կարծում է, որ բոլոր աղէտները ճակատագրի անունից գործում են մարդիկ. «Կ՚ըսեն, թէ ճակատագիրը երբեմն աչքերը կը բանայ իր ահաւոր քունէն ու փայլակի մը մէջ կ՚աշխատի դարմանել աղէտները, որոնք իր անունով, իր կամքովը, բայց առանց իր գիտնալուն գործուեցան մարդերուն մէջ»(11):

Յաւերժական սիրոյ թեման հայ եւ համաշխարհային շատ գրողների ստեղծագործութիւնների նիւթ է դարձել: Այս թեմային անդրադարձել է նաեւ Օշականը («Աղուընակ-քարը»)` ընդգծելով յատկապէս սիրոյ տուած ցաւի մեծութիւնը:

Օշականը, ինչպէս ուրիշ շատ գրողներ, փորձել է հասկանալ կնոջ հոգու անյատակ խորութիւնը, բացայայտել նրա առեղծուածը: Նա կատարում է հռետորական մի քանի հարցադրումներ, որոնց նպատակը ոչ թէ պատասխան ստանալն է, այլ դրանց միջոցով կին-առեղծուածի էութեան մեկնաբանումը. «Ինչո՞ւ անոնց աչքերը աւելի շուտ ու շատ կը խօսին, քան անոնց սիրտերը», «Ինչո՞ւ, ինչո՞ւ անոնք միշտ մետաղը (ոսկի-Մ.Ղ.) փնտռեցին», «Ինչո՞ւ անոնք վախցան հոգիին մերկութենէն ու խենթի պէս, խենթի պէս փնտռեցին պաշտպանութիւնը բեհեզին» (էջ 393): Այնինչ՝ կնոջ մեծագոյն առաքելութիւնը պէտք է լինի զաւակներ լոյս աշխարհ բերելը, կեանք պարգեւելը: Օշականը փորձում է պարզել նաեւ մօր ու զաւակի միջեւ եղած անբացատրելի ու գերբնական կապը, գտնել այն անտեսանելի թելերը, որոնք, չնայած բազում անջրպետների, միանում են իրար («Արեւն ու լուսնկան»):

Իր տարբեր գործերում Օշականը բազմիցս նշել է մարդու՝ կեանքում երազ ունենալու կարեւորութեան մասին, եւ որ առանց դրա նրանք ողորմելի արարածներ են: Հեքիաթներում, սակայն, գրողը յանգում է այն մտքին, որ երազ ծնում է մարդկային տկարութիւնը: Հակասական են նաեւ ամուրի աղջիկներին տուած բնութագրումները: Նա երբեմն փորձում է արդարացնել, երբեմն էլ մեղադրել նրանց: «Պառաւին անէծքը» պատմուածքում գրում է, թէ ամուրիների ցաւն ու տառապանքը խորունկ են: Իսկ «Արեւն ու լուսնկան» հէքեաթում խտացնում է չամուսնացած կամ մերժուած աղջիկների նախանձի գոյները: Չար նախանձի ահաւոր հետեւանքները ցոյց տալու համար որպէս հէքեաթի գործող անձինք Օշականը ընտրում է երեք քոյրերի՝ կարծես ընդգծելու նրանց հոգու չարութիւնը:

Պետք է նկատենք մի փաստ. չնայած այն հանգամանքին, որ Օշականի «Խորհուրդներու մեհեան» ժողովածուում զետեղուած գործերը որպէս հէքեաթ են ընկալւում «թէականօրէն»,(12) այնուամենայնիւ ունեն հէքեաթին բնորոշ ինչ-ինչ առանձնայատկութիւններ: Սակայն ժողովածուում կայ երկու պատմուածք՝ երկուսն էլ «Հին պատմութիւն» վերնագրով, որտեղ հէքեաթին ամբողջութեամբ փոխարինելու է գալիս գիւղի դաժան իրականութիւնը:

Յետադարձ հայացք ձգելով դէպի իր գիւղը, մանուկ օրերի իր տպաւորութիւններին գումարելով հասուն տարիքի իր դատողութիւնները՝ Օշականը քննում է իր գիւղի մարդկանց սովորոյթները, բարքերը, մարդկային յարաբերութիւնները եւ գնահատական տալիս դրանց: Օշականը պատմում է մի աշխարհի մասին, որը նրա գիւղն է: Նա պատմում է զրոյցներ, որոնք չի էլ յիշում, թէ երբ եւ ումից է լսել: Եւ ամեն անգամ, երբ մտքով յետ է գնում դէպի գիւղի «աւրուած երջանկութիւնը» (էջ 411), ցաւ է ապրում խեղուած ճակատագրերի ու կործանուած գեղեցկութիւնների պատճառով, որոնք զոհ են գնացել սնահաւատութեանը՝ ողջ կեանքն անցկացնելով դառնութեան եւ միայնութեան մէջ, զրկուած լինելով սիրած մարդկանցից, սիրած զբաղմունքից, բնութեան գեղեցկութիւնները վայելելուց: Այս մարդկանց տառապանքն այլ էր, որովհետեւ իրենց կեանքը փոխելու համար մարդիկ կարող էին տարբեր միջոցներ ձեռք առնել, չհամակերպուել իրավիճակին, ըմբոստանալ, պահանջել: Սակայն Օշականի հերոսներից շատ-շատերը, որոնք հիմնականում իրական անձինք են եղել, ստիպուած էին հոգում լռեցնելու ոչ միայն սովորական մահկանացուին բնորոշ ցանկութիւնները, իղձերն ու փափագները, այլեւ ըմբոստութեան ալիքը, որը նրանց ի վերջոյ վերածում էր խեղճ, կամազուրկ արարածների: Բայց կեանքի ոչ մի անարդարութիւն այնքան ցաւ չի պատճառում նրան, որքան գիւղի՝ բացառիկ գեղեցկութեամբ օժտուած աղջիկների կորուստը:

Հարկ է նշել, որ Օշականի յիշատակած բոլոր աւանդութիւնները, որոնք առկայ են «Խորհուրդներու մեհեանը» եւ «Խոնարհները» ժողովածուներում, տեսական գրականութեան մէջ համարւում են աւանդազրոյցներ: Սարգիս Յարութիւնեանը աւանդական զրոյցների շարքն է դասում նաեւ բանաւոր արձակի տեսակներից մէկը՝ սնահաւատական զրոյցները, որոնք նուիրուած էին տարբեր ոգիների եւ դրանց մասին եղած պատկերացումներին: Դրանցից էին հրեշտակների, սրբերի, տարբեր չար ոգիների (չարունք, սատանայ, դեւ) մասին պատմուող աւանդական զրոյցները՝ բոլորն էլ հենուած հին ու նոր կրոնական ու ժողովրդական հաւատալիքների վրայ(13): Մանուկ Աբեղեանը գրում է, որ սնահաւատական զրոյցները կապուած էին հմայական աղօթքների հետ, եւ այդ զրոյցները պատմողներն ու լսողները հաւատում էին դրանց ճշմարտութեանն ու իրապէս կատարուած լինելուն(14):

Աւանդութիւնն արմատաւորուած էր դարեր ի վեր: Գիւղը կուրօրէն հետեւում էր աւանդութեանը, որը բազում երիտասարդների դժբախտութեան ու կորստի պատճառ է դառնում: Դրանից չէին խուսափում յատկապէս աղջիկները, որոնց տառապանքի ու կսկիծի խորութիւնը անչափելի էր: Եւ այն աղջիկը, ով համարձակուել էր շրջանցել գիւղի բարքերը, դատապարտուած էր մահուան. «Ո՞ր աղջիկը մորթեց իր հոգիին մէջ տարփանքին աղաւնին ու օր մը անոր արիւնոտ վերադարձը չսպասեց» (էջ 420):

Աւանդութեան համաձայն՝ գեղեցիկ աղջիկները անպայմանօրէն զոհ էին դառնալու, որովհետեւ չափազանց գեղեցկութիւնը աստուածային բան էր, եւ հասարակ մահկանացուներին վիճակուած չէր մրցել աստուածների հետ: Սրան հաւատում էին բոլորը՝ ահել թէ ջահել, եւ այնքան կուրօրէն, որ նոյնիսկ անկախ իրենց կամքից՝ գեղեցկուհի աղջիկների կեանքը ծանր ընթացք ու ողբերգական աւարտ էր ունենում: Նրանք զրկւում էին մանկական խաղերից, պարերից, տօներին մասնակցելուց: Ու եթէ աղջիկն ամուսնանար, ապայ անպայմանօրէն մէկ ուրիշի մահուան պատճառ կը դառնար. «Եթէ ատոնք ծնած ատեն իրենց մայրը գերեզման չեն ղրկած, գոնէ հարս ըլլալու համար ուրիշ մըն ալ պիտի մեռցնեն»(15): Սա այնքան արմատացած ու կարծրացած էր, որ նոյնիսկ Օշականը, այդ ամենը համարելով սնահաւատութիւն, այնուամենայնիւ հանգում է այն մտքին, թէ «Գեղին իմաստութիւնը չէր կրնար սխալած ըլլալ»(16):

Գիւղում տարածուած էր Աւազանի անտառի համբաւը, որից ծառ գողացողը կամ նրա տարածքում տաւար պտտեցնողը պատժւում է Ս. Սարգսի կողմից: Նրանք զրկւում էին խօսելու ունակութիւնից, իսկ նրանց ծնողները դիմում էին բուժիչ միջոցների: Երբ ոչինչ չէր օգնում, հիւանդ տղաներին բուժուելու նպատակով նուիրում էին եկեղեցուն: Դա պարտադիր էր, չէին հարցնում նուիրուողի կարծիքը: Նուիրեալը խստօրէն պէտք է հետեւեր եկեղեցու կարգուկանոնին: Հակառակ դէպքում կործանուելու էին ոչ միայն տղան եւ նրա ընտանիքը, այլեւ ողջ գիւղը: Իսկ որ սուրբը վրեժխնդիր էր լինելու, դրանում բոլորն էին համոզուած: Կար վերադարձի միայն մէկ միջոց, որն էլ անհնարին էր. «Նուիրուած տղան, աղեկնալէ վերջ կրնար գնուիլ ժամէն իր ծանրութեամբը ոսկիի փոխարէն»(17) («Հօրքուր Վարդան», «Կանանչ-կիրակի»):

Գիւղում հիմնականում հարսանիքների ժամանակ պատմուող մի հին պատմութիւն բացայայտում է հայ գիւղի ամենասուրբ աւանդոյթները: Այն նպատակ ունէր աղջիկներին ետ պահելու «աղջիկ օրերուն» գործելիք մեղքից: Աւանդութիւնը դաժան էր այն հարսների նկատմամբ, որոնք ամուսնական առագաստ էին մտել՝ «իրենց այտին վրայ օտար բերնի մը կրակովը»: Հէքեաթը պատմում է հարսների, նրանց խեղուած ճակատագրերի մասին, որոնք «Ծոցի-գիշերին» կիսամերկ ու բոբիկ դուրս են արւում ամուսնու տնից եւ ինքնասպան լինում՝ «չուանի մը հասակին յանձնելով իրենց մեղքը» (էջ 406): Գիւղի կարծիքով աղջիկը մեղապարտ էր. նա մեղանչել էր գիւղի ամենասուրբ աւանդոյթի դէմ ու պէտք է կեանքով վճարեր: Բայց Օշականի կարծիքով աղջկայ՝ սրբազան ծաղկի նմանուող մեղքն արդարացուած էր: Ակնյայտ է, որ Օշականը չի մեղադրում այդ աղջիկներին, այլ գովերգում է ամենակարող սիրոյ երազը («Հին պատմութիւն», «Կանանչ-կիրակի»(18)):

Գիւղում կային շատ աղբիւրներ, եւ գիւղացիները տարբեր աղբիւրների շուրջ տարբեր հէքեաթներ էին հիւսել: Նրանց հաւատալիքների համաձայն՝ աղբիւրները պատկանում էին ոգիներին եւ կրում էին համապատասխան անուն: Ամեն աղբիւր ունէր իր իւրատեսակ անուանումը եւ խորհուրդը: Աղբիւրը կարող էր աւետաբեր լինել, կարող էր զարհուրելի մահուան խորհուրդ ունենալ («Աւետում-աղբիւր», «Կաղանդի պատմութիւն»):

Հայ ընտանիքներում զաւակ ունենալն ամենամեծ ուրախութիւնն էր, այդ իսկ պատճառով էլ աղբիւրը կոչւում էր Աւետաբեր: Այդ աղբիւրների մօտ բազում աղջիկներ երգել են իրենց բախտի երգերը: Տեսնում ենք նաեւ Վիճակին Աղբիւրը գնացող աղջիկների, որոնց ուխտն աւարտւում էր հաւաքուած ծաղկեփնջերը՝ որպէս նուիրատուութիւն, ջուրը նետելով («Աւետում-աղբիւր»):

Աղբիւրների հետ կապուած էին բազում տխուր պատմութիւններ եւ դժբախտ պատահարներ: Նրանց «տիրուհիները» ժողովրդի շրջանում յայտնի էին «ծովի աղջիկ» անունով: Ամեն մի դժբախտութիւն ունէր որոշակի բացատրութիւն: Երբ մէկը «տղաբերքի արիւնոտ անկողինին մէջ խեղդուէր», ասում էին, որ նա «ցերեկուան ամայի ու չար ժամերուն» տեսել է ծովի աղջիկ: Այդ ոգիները ընտրում եւ կորստեան էին մատնում ամենագեղեցիկ աղջիկներին, ովքեր կործանւում էին՝ խաբուելով աղբիւրից բարձրացող հարսի քօղով ու ոսկիներով զարդարուած մէկ այլ աղուորից:

Մարդիկ հաւատում էին, որ աղջիկները խաբւում էին տարբեր ոգիներից, որոնք այցելում էին յատկապէս Ծնունդի գիշերին: Այդ ոգիներն անտարբեր չէին կարողանում անցնել նորահարս ունեցող տների կողքով: Այն տները, որոնք պաշտպանուած էին ձիթենու ճիւղով կամ փայտէ խաչով, կարծես մնում էին անվնաս: Սակայն, այնուամենայնիւ, ոգիները ծանօթ մարդու ձայնով կանչում էին հարսներին ու տանում մահուան գիրկը:

Օշականի մանուկ օրերի տպաւորութիւններից անբաժան են Կաղանդի տօնը, նրա հետ կապուած աւանդոյթները, որոնց անդրադարձը կայ հեղինակի գրեթէ բոլոր շարքերում: Հեքիաթներում («Կաղանդի պատմութիւն», «Կաղանդի հէքեաթ», «Կաղանդ գիշերով») նոյնպէս մեկնաբանւում է մանուկների այնքան սիրուած ու սպասուած տօնը: Մեր կարծիքով, նշուածներից առանձնանում է «Կաղանդի հէքեաթ» վերնագրով երկը, որտեղ ընթերցողը աւանդոյթներից զատ հաղորդակից է դառնում գիւղի մանուկների հոգեբանութեանը, տեսնում գիւղի գետնափոր տները, գերանով ծածկուած առաստաղից կախուած սերկեւիլի եւ խնձորի չորացրած շարանները, ամբողջ մարմնով զգում անգութ ձմռան սառնութիւնը: Տարիների հեռուից Օշականը անբացատրելի քաղցրութեամբ է յիշում Նոր տարուայ գիշերները, երբ կոյր հօրաքոյրն արգելում էր իրենց «պիլիթի ու պաստեղ» ուտել, մինչեւ հայրը «խաչ ու աղօթք ընելու, հոգու դդում ուտելու» համար «մեռել-տնից» չվերադառնար: Երեխաներին զսպելու համար սկսւում էին հօրաքրոջ՝ բարու եւ աշխատասիրութեան մասին պատմուող հէքեաթները, որոնք ամեն տարի պատմւում էին մէկ այլ ձեւով՝ կարծես նոյն հէքեաթի փոփոխութեամբ շեշտելով անցնող տարին, փոփոխուող կեանքը:

Սովորաբար հէքեաթներն ունենում են խրատական բնոյթ: Թէպէտ Օշականն իր «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» աշխատութեան մէջ գրում է, թէ ինքը փորձել է զերծ մնալ ընթերցողին խորհուրդներ ու խրատներ պարտադրելուց, այնուամենայնիւ «Խորհուրդներու մեհեանը» ունի բազում այդպիսի հատուածներ:

Գրողը սեփական ժողովրդի ճակատագրի, նրա տառապանքի եւ երազանքների կերպաւորողն է, նրա ճամբաների լուսաւորողը, ինչպէս Թումանեանն է ասում, կեանքին լոյս ու ջերմութիւն տվողը: Յ. Օշականը գեղարուեստական տարբեր միջոցներով եւ հնարանքներով գրականութիւն բերեց իր հայրենի գիւղը, եւ այն որպէս գեղարուեստական ընդհանուր պատկեր ամբողջացաւ նաեւ գրողի հէքեաթներում:

Ինչպէս իր պատմուածքներում, Օշականն իր «հէքեաթներում» էլ մնաց հայի հետ, իր ցեղի ու նրա կրած տառապանքների հետ: Նրանցում արտայայտուած են հայ մարդու ոչ միայն տառապանքները, այլեւ ցանկութիւնները, երազանքները: Օշականը պատմական անդրադարձ է կատարում եւ գնահատում պատմութեան ընթացքը: Գրողին յուզում է հայ ժողովրդի քաղաքական բախտի խնդիրը: Նրա կարծիքով հայ ժողովուրդը համակերպուել էր իր բախտի հետ՝ անտեսելով վաղուց հաստատուած մի ճշմարտութիւն՝ ազատութիւնը տրւում է պայքարի ու արեան գնով: Հայ ժողովրդի գլխին կախուած վտանգների պատճառն Օշականը համարում է անտարբերութիւնը, անիրաւութիւնը, միասնական պայքարի բացակայութիւնը: «Ինչո՞ւ կը մեռնինք» հէքեաթում գրողը հետեւեալ միտքն է արտայայտում. «Ու տակաւին Աստուած չի գիտեր, թէ հոս մարդը կը մեռնի, ազգեր սուրէ կ՚անցուին, մանուկները ողջ-ողջ կը թաղուին ու կիներու արգանդէն կենսաւորուող միսերը դանակներու ծայրը կը գամեն» (էջ 354): Օշականի կարծիքով մեր անտարբերութիւնից էլ ծնւում է Աստծոյ անտարբերութիւնը:

Օշականը պարզորոշ լսեց «ցեղին սրտի» բաբախը, հասկացաւ նրա ցաւը ու նաեւ այն, թէ ինչը կ՚ապրեցնի ֆիզիկական բնաջնջման վտանգի մէջ գտնուող իր ժողովրդին: «Կաղանդ գիշերով» հէքեաթը պատմում է այն Աստծոյ մասին, որին բաժին էր ընկել տառապած ցեղի «մեռելները հովուելու» անփառունակ ցաւը: Եւ մեր ցեղն էլ դարեր շարունակ կամեցել է այդ Աստծոյ մէջ տեսնել «ցեղին չմեռնող հոգին»: Եւ Օշականն էլ, որը մէկն էր այն հայրենասէրներից, ովքեր ուզում էին ցեղի չմեռնող հոգին վեր հանել, հասկացաւ, որ ազգին պահողը նրա արթուն երազն է: Նոյն աւանդութիւնը պատմում է, որ Աստծոյ աչքի առջեւ ամեն Կաղանդի գիշեր երեւում են մեր երկրի բոլոր անկիւնները եւ պայքարը այն մարդկանց դէմ, ովքեր ցանկացել են սպանել մեր երազը: Եւ ամեն տարի՝ Կաղանդ գիշերով, հայ մեռելները վերակենդանանում են, այցելում իրենց տները եւ նորից ճանապարհւում դէպի սրբազան լեռը՝ լսելու այնքան շատ սպասուած խաղաղութեան աւետիսը: Յիրաւի, կարող ենք ասել, որ սա տառապած ժողովրդի տառապած զաւակի երազն է՝ տեսնել իր հնամենի ժողովրդի ազատ ու խաղաղ երկինքը: Պարզ է, որ սա նաեւ երկար տարիներ խաղաղութիւն եւ ազատութիւն երազող ժողովրդի ցանկութիւնն է, «անպարագիր գերեզմանատուն» համարուող երկրի զաւակների արդար ցանկութիւնը: Եւ հէքեաթի՝ «Կու գան մեռելները» մի քանի անգամ կրկնվող տողը աւելի է սաստկացնում այդ երազանքն ի կատար ածուած տեսնելու ցանկութիւնը:

Թէպէտ Օշականի «Խորհուրդներու մեհեանը» ժողովածուում երբեմն կան իրարամերժ մտքեր, գրուածքների սիւժէն միագիծ չէ, պատումը երբեմն խրթին է, ինչը դժուարացնում է հիմնական ասելիքի տարբերակումը, այնուամենայնիւ, դրանք հայ գիւղի մարդկանց, տօների, բարքերի ու սովորոյթների մասին պատմող տպաւորիչ պատմութիւններ են: Եւ ուսումնասիրելով Յ. Օշականի «Խորհուրդներու մեհեանը» ժողովածուն, նրա առանձնայատկութիւնները՝ կարող ենք ասել, որ գրողի «հէքեաթների» աղբիւրը միայն բանահիւսութիւնը (աւանդազրոյցները) չէ, այլեւ ժողովրդի պատմութիւնը, իր կեանքի պատմութիւնը, իրական կեանքը:

ՄԱՐԻՆԷ ՂԱԶԱՐԵԱՆ

ԵՊՀ հայ նորագոյն գրականութեան ամբիոնի աւագ լաբորանտ

 

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1           Տե՛ս Նուարդ Վարդանեան, Հայոց իրապատում հէքեաթը, Երեւան 2009, էջ 16:

2          Տե՛ս Յ. Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հ. 10, 1982, էջ 117:

3           Կիմ Աղաբեկեան, Յակոբ Օշական, Երեւան, 2006, էջ 72:

4            Վազգէն Գաբրիէլեան, Սփիւռքահայ գրականութիւն, Երեւան, 2008, էջ 56:

5            Մէջբերումը միջնորդաւորուած է՝ Աստղիկ Բեքմեզեան, Տողամիջեան ընթերցումներ, Երեւան, 2016, էջ 127:

6            Վազգէն Գաբրիէլեան, Սփիւռքահայ գրականութիւն, Երեւան, 2008, էջ 54:

7           Կիմ Աղաբեկեան, Յակոբ Օշական, Երեւան, 2006, էջ 72:

8          Յակոբ Օշական, Երկեր, Անթիլիաս-Լիբանան, 1998, էջ 373: Այսուհետ նոյն աղբիւրից արուած մէջբերումների էջերը կը նշուեն տեղում:

9          Յ. Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հ. 10, 1982, էջ 108:

10         Իր «Համապատկեր»-ում Օշականը գրում է, որ 1915թ. Պոլսում ոստիկաններից գիշեր ու ցերեկ հալածուած՝ կամրջից ուզում էր ցած նետուել, բայց մի անծանօթ ձեռք, որը ճակատագրի ձեռքն էր, կանգնեցնում է նրան: Թուրք ոստիկանը նրան է մեկնում մի թուղթ, որի վրայ գրուած էր իր անունը, եւ հարցնում, թէ ճանաչում է արդեօք այդ մարդուն: Օշականը ձեռքով ցոյց է տալիս մի անծանօթի եւ հեռանում կամրջի հակառակ ուղղութեամբ: «Ճակատագրի մատն էր, որ կը միջամտէր այսպէս: Անիկա յստակ կը կարդայ այդ մատի ցուցմունքը: Պարտաւոր էր ազատել իր գլուխը եւ ոչ թէ ջուրին յանձնել զայն» (Յ. Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հ. 10, 1982, էջ 118):

11          Յակոբ Օշական, Երկեր, Անթիլիաս-Լիբանան, 1998, էջ 402:

12         Տե՛ս Կիմ Աղաբեկեան, Յակոբ Օշական, Երեւան, 2006, էջ 72:

13         Տե՛ս Սարգիս Հարութիւնեան, Բանագիտական ակնարկներ, Երեւան, 2010, էջ 171:

14         Տե՛ս Մանուկ Աբեղեան, Երկեր, հատոր Ա. Երեւան, 1966, էջ 37:

15         Յակոբ Օշական, Երկեր, Երեւան, 1979, էջ 235:

16         Նոյն տեղում, էջ 246:

17         Յակոբ Օշական, Երկեր, Երեւան, 1979, էջ 113:

18            «Կանանչ-կիրակի» հէքեաթը ժողովածուի միակ գործն է, որն ուղեկցւում է սիրոյ եւ բնութեան մասին ժողովրդական երգերով:

 

Հեղինակին մասին.

ՄԱՐԻՆԷ ԴԱՒԹԻ ՂԱԶԱՐԵԱՆ շրջանաւարտ է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) հայ բանասիրութեան ֆակուլտետէն: Հայոց լեզուի և գրականութեան ուսուցչուհի եղած է ու ապա աւագ լաբորանտ, գործավար, աշխատանքի անցնելով ԵՊՀ հայ նորագոյն գրականութեան ամբիոնէն ներս, շարունակելով իր բարձրագոյն ուսումը «Հայ նորագոյն գրականութիւնն և գրաքննադատութիւն» մասնագիտացմամբ, և 2015թ. գերազանցութեան դիպլոմով աւարտած է ծրագիրը: Նոյն ամբիոնի հայցորդ է, պրոֆ. Վազգէն Գաբրիէլեանի ղեկավարութեամբ կ՚աշխատի Յակոբ Օշականի փոքր արձակը թեմայով ատենախօսութեան վրայ։ Մասնակցած է միջազգային և երիտասարդական գիտաժողովներու ու հրատարակած է վեց ուսումնասիրական յօդուածներ Օշականի արձակին, հեքիաթներուն, գիւղի պատումներուն, Եղեռնի արձագանքներուն շուրջ։ Ունի նաեւ այլ գրական ուսումնասիրութիւններ։

 

 

Leave a Reply