ՎՐԻԺԱԿ

Գրիգոր Ջանիկեան

1.

«Բնօրրան» ջոկատի տղաները Գէորգին առաջին օրուանից չսիրեցին։ Մէկ-մէկ սեռական հակումների մասին կծու ակնարկներ էլ էին անում։ Տնաշէնն ինքն էր մեղաւոր. կարծես Մայամի էր եկել, Մոսկուայից Արցախ՝ մարտադաշտ, հետը ինքնաշխատ ածելի, առանձին-առանձին երեսի ու ոտքի սրբիչ, հոտազերծիչ, խոնաւ անձեռոցիկ, ինչ ասես չէր բերել։ Մերձմոսկովեան գիտկենտրոնի վարիչը՝ անցեալ դարի ընկերվար-ժողովրդավարի մօրուքով Վարդան Սերոբի Քափանակեանն էր պատճառը։ Նա էր սովորեցրել, որ մի ամբողջ քաղաքի տարածք զբաղեցնող գերգաղտնի կայանում, որտեղ վաթսունչորս ազգութեան, ընդհուպ ճապոնացի, չինացի ռազմափորձագէտներ էին աշխատում, հայերը պիտի առանձնանան ոչ միայն իմացութեամբ, այլեւ մաքրակենցաղութեամբ, պահուածքով, քայլուածքով, ամեն ինչով։ Հէնց նրա շնորհիւ Խորհրդային Միութեան տարբեր գիտկենտրոններից հաւաքագրուած հայ հիւլէագէտները, որոնցից շատերը Հայաստանում չէին էլ եղել, միմեանց գտան, հայացան։ Սկզբում նրանց հայութիւնը դրսեւորւում էր «Արարատի» յաղթանակների համար միասին ուրախանալով, մէկ էլ իւրաքանչիւրի տարեդարձը Գորկու ճեմափողոցի «Արմենիա» ռեստորանում նշելով։ Չնայած, շատ չանցած, այդ ռեստորանից հրաժարուեցին։ Խոպանից վերադարձող հայաստանցի հայերը, որոնք իրենց վաստակած փողերով նոյն «Արմենիայում» զեխ գինարբուքների էին տրւում, Մոսկուացի հայ գիտնականների կիրթ ռուսերէնը, ռուսերէնի արանքներում սպրդող հատուկենտ բարբառային հայերէնը լսելով՝ հեգնում՝ «շուռ տուածներ» էին ասում։

Արցախի պատերազմն սկսվելուց յետոյ, որքան կենտրոնական լրատուամիջոցները հայերին անուանարկում՝ «ծայրայեղական», «անջատողական», «ահաբեկիչ» էին յորջորջում, այնքան հայ գիտնականներն իրար աւելի էին որոնում, միասին լինելու պահանջ էին զգում։ Մանաւանդ այն բանից յետոյ, երբ Վարդան Քափանակեանն իր առանձնասենեակում (նա գիտղեկավար էր ու իր առանձնասենեակն ունէր) Արցախի մեծ քարտէզը փակցրեց։ Նրա ջահել հայրենակիցները աշխատանքի ժամին թէ՛ իրենց հաշուարկներն էին կատարում եւ թէ՛ բոլոր, յատկապէս արտասահմանեան լրատւութիւնները լսում ու թէկուզ ժամանակաւոր յաղթանակի դէպքում վրայ էին ընկնում, իրենց իսկ պատրաստած փոքրիկ եռագոյնները ճատրակի խաղաքարերի պէս առաջ էին շարժում։ Այդպէս մերձմոսկովեան գիտկենտրոնի հայ ռազմափորձագէտները սովորեցին Արցախի քաղաքների, գիւղերի, նոյնիսկ դիրքային կարեւորութեան բարձունքների անունները։

Մի պահի էլ, երբ զգացին, որ եռագոյն դրօշակիկները նահանջում, ընդհուպ Ստեփանակերտին են մօտենում, խուճապով համակուեցին։ Բայց թէ քարտէզի վրայ դրօշակիկներ հետ-առաջ տանելուց բացի Խորհրդային Միութեան էն հեռաւոր սահմանին կուչ եկած Հայաստանի, Հայաստանից էլ աւելի փոքր, ամեն կողմից կրծմրծուած Արցախի համար ինչ կարելի էր անել, չէին իմանում։

Էլի Քափանակեանը նրանց խելք սովորեցրեց, հայութիւն անել տուեց։ Նա խորհրդային վարչակարգն ու համայնավարներին ատում, իր համագիւղացի Վահան Տէրեանի՝ «Մի՛ խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» բանաստեղծութիւնը յիշոցի պէս էր արտասանում։ Ըստ իրեն՝ գերգաղտնի գիտկենտրոնում իր իմացութիւնները տարիներ շարունակ շահատիրել էին, բայց հայ լինելու պատճառով ակադեմիկոս չէին ընտրել։

Այդ օրը՝ աշխատանքից յետոյ, հէնց բոլորը հաւաքուեցին, նա առանձնասենեակի դուռը ներսից կողպեց ու գրասեղանի խորքերից փոշոտուած գծագրեր հանելով՝ թերեւս պատահաբար, թերեւս միամտաբար Արցախի քարտէզի դիմացը փռեց։ Ապա իր կոտրատուած հայերէնով, մերթընդմերթ էլ ներսից կողպուած դռան կողմը նայելով (յատուկ բաժնի ծառայողները բոլոր աշխատասենեակների բանալիներն ունէին, ցանկացած պահի յայտնուելու, խուզարկելու իրաւասութիւնը չարաշահում էին)՝ հաղորդեց, որ սեղանին դրուածը նոր մարտական զէնքի գծագիր է։

Հարթասեղանների լուսամփոփները փութկոտ շրջուեցին, գծագրին բեւեռուեցին։

Կրտսեր ու աւագ գիտաշխատողները շողապայծառ լույսով նայում-նայում, բան չէին հասկանում։ Վարչակարգի դէմ անընդհատ չարացող, հարեւան ազգերին հայ ժողովրդի տարածքների առնետ համարող ծերունու ստեղծածը դասական իմաստով զէնք էլ չէր, դիւրակիր զրահահար էր, որն իբր որոշակի հեռաւորութեան վրայ ճառագայթահարումներով անգամ գերհզօր հրասայլերը բռնկեցնելու, մոխրացնելու զօրութիւն ունէր։ Ռազմագիտական գրականութիւնում այդպիսի նախադէպ չէր եղել, հետեւաբար, եթէ այն, ինչ բացատրում էր փորձակայանի գիտղեկավարը, ճիշտ էր, ինչո՞ւ էր տարիներով դարակի չերեւացող խորքերը խցկել։ Գիւտը ժամանակին ասպարէզ հանելու դէպքում նա ոչ թէ սոսկ ակադեմիկոս, պետական, Լենինեան մրցանակի դափնեկիր կը լինէր։

Առաջինը Վիկտոր Մելքումովը դա նկատել տուեց։ Նա բառնաուլցի ջահել հայցուոր էր՝ գիտկենտրոնում թէ՛ աշխատում եւ թէ՛ ապագայ ատենախօսութեան նիւթերն էր հայթայթում։ Վիտիայի պապը կամ պապի հայրն էր Հադրութում, տեղի խօսուածքով՝ Գետամէջում ծնուել։ Արցախը Հայաստանին միացնել ուզելու համար դեռեւս Ստալինի օրոք նրան Մագադան էին աքսորել, իսկ որդին՝ Վիտիայի հայրը, տաժանավայրում ճիշտ ժամանակին ճիշտ հետեւութիւն էր արել. ամբողջ աշխարհի համար կոմունիզմի պայծառ ապագայից բացի ոչ մի հեռանկար չէր տեսել։ Հէնց այդ ոգով էլ դաստիարակել, Խորհրդային Միութեան մայրաքաղաք էր ուղարկել տղային։ Բառնաուլցի հայցուորի աչքերը ակնոցի հաստ ապակիների ետեւում խոշորացան, բառերը մինչեւ անգամ յանդիմանական հնչերանգ ստացան։

Վարդա՛ն Սերոբիչ, կը ներէք, բայց ճիշտ չէք արել։ Եթէ մեր երկիրը ժամանակին այսպիսի զրահահար ունենար, վաղուց սպառազինութեան մրցավազքում Միացեալ Նահանգներից առաջ անցած, թերեւս համաշխարհային յեղափոխութիւնն էլ յաղթանակով աւարտած կը լինէր։

Վարդան Քափանակեանը միշտ էլ հայի արմատները Գետամէջում թողած, Մագադանում կուսթեկնածու դարձած ջահել հայցուորին լսելիս անուրախ ժպտում էր։ Այս անգամ փառ-փառ ծիծաղեց։ Որ վիրաւորանքը սքողի։

Ե՞րբ ես մեծանալու, Վիտո՛կ,— նա նրան էր դիմում, բայց իրականում կոմունիզմի պայծառ ապագային հաւատացողներին էր կշտամբում,— գիտե՞ս խորհրդային տարիներին Հայաստանի ընդերքում հայ երկրաբաններն ինչքան մոլիբդէն, ոսկի, ուրիշ բարձրագին մետաղներ են յայտնաբերել, բայց թաքուն են պահել, որ Մոսկուան չտիրանայ, մի օր, երբ երկիրն անկախանայ, ժողովրդի հարստութիւնը ժողովրդին մնայ։ Ուրեմն ես իմ զէնքը խորհրդային զինուորների ձեռքը տայի, որ էսօրուայ օրը հայի զէնքով Արցախում հայի՞ն սպանէին, ինչպէս Չէչնիայում չէչէններին, Աֆղանստանում աֆղաններին սպանեցին…

Իրականութիւնն, ի հարկէ, փոքր-ինչ այլ էր՝ Տէրեանի համագիւղացին զէնքը ջաւախքցիների համար էր ստեղծել, որովհետեւ հաւատացած էր եղել՝ մի օր հայրենակիցներին պէտք է գալու։ Բայց դէ՛, քանի որ հիմա արցախցիներն առաջ էին ընկել, որոշել էր նրանց տրամադրել։

Վա՜յ, ես քո ցաւը տանեմ Վարդա՛ն Սերոբի ջան,— փորձակայանի ղեկավարի ձեռնբացութիւնը տարօնցի Տաւրոսին հիացրեց ու յուզեց,— ես քո արցախասիրութիւնը գնահատում, զէնքը քո անունով էլ կոչում եմ։ Հէնց էսպէս վեր ենք կենում, զրահահարի ծնունդը «Արմենիայում» նշում ենք։ Քանի որ քաւորը ես եմ, անուանակոչութեան ծախսերը ինձ վրայ եմ վերցնում։

Գիտղեկավարը ոտքի կանգնեց, տասը մատներով հարթասեղանին հենուեց, որ ձեռքերի դողը չզգացուի։ Ծերացել էր Վահան Տէրեանի համագիւղացին, վերջերս աւելի ու աւելի յաճախ էր յուզւում ու յուզմունքը թաքցնելու համար ձայնը դիտմամբ խստացնում էր։

Ես ձեր համար Կալաշնիկո՞վն եմ,— խռպոտեց,— զէնքն իմ անունով կոչել պէտք չի, էն գլխից իր հայկական﹐ մարտական անունն ունի։

Քեզ ու քեզ ի՞նչ ես դրել﹐ քաւորն ախր ես եմ…

Ծեր գիտնականն իր զէնքով երեւի այնքան չհպարտացաւ, որքան անուանմամբ, որ յաղթաձայն արտաբերեց.

Վրիժակ…

Քափանակեանը չզարմացաւ, որ իր ոգեւորութիւնը չհաղորդուեց ունկնդիրներին. ստորգետնեայ կենտրոնի իր ջահել գործընկերները հիմնականում ռուսական կրթութիւն ունէին, փողոցում սովորած հայերէնն էլ վաղուց մոռացել էին։ Ստիպուած եղաւ բացատրել.

Իմացա՛ծ եղէք ուրեմն՝ հնուց եկող մեր հարազատ հայկական անուանումն է, վրիժառութեան զէնք է նշանակում։

Երիտասարդ գիտաշխատողները այդ գիշեր «Արմենիա» ռեստորանում դեռ աշխարհ չեկած Վրիժակի ծնունդը՝ աւելի ճիշտ անուանակոչութիւնը նշեցին﹐ իսկ յաջորդ օրը վաղ առաւօտուանից գործի անցան։ Որպէսզի յատուկ բաժնի ծառայողները չհետաքրքրուեն, թէ աշխատաժամից յետոյ հարթասեղանին կռացած հայերն ինչ են հաշուարկում, փորձնական գործարանում ինչ են տաշում, յղկում, հաւաքում, նոյն «Արմենիա» ռեստորանից թանկ գնով հայկական կոնեակներ էին գնում, նրանց հիւրասիրում։ «Վերջերս սկսել են տնից յաճախ ծանրոց ուղարկել», խաբում էին նրանք, ու յատուկ բաժնի ծառայողները սիրով խաբւում էին։ Հէնց Վրիժակի նախանմուշը պատրաստուեց, ձուլուեց, որոշուեց Գէորգի միջոցով տեղ հասցնել։ Նա Հայաստանում ծնողներ ունէր, պիտի որ կասկածներ չհարուցէր։

2.

Ուղղաթիռը սեւակնած պտտահողմից տարուբերւում, թռչնաճուտի աղուամազի պէս օդային մի վիհից միւսն էր գլորւում։ Բայց շարունակում էր սլանալ։ «Բնօրրան» ջոկատի տղաները նստոտել էին զէնքերի, զինամթերքի արկղերի վրայ, միմեանց էին զննում։ Հին կամաւորականները վերեւից, հեգնաժպիտով էին նայում նորեկներին, մտածում էին՝ կռուո՞ղ են, թէ՞ գալիս են գլխներին փորձանք դառնան։ Իրենք արդեն քանի տարի գիւղեր էին ազատագրել, հետ տուել, նորից էին ազատագրել ու գիտէին՝ պատերազմում ամենից առաջ կռուել չիմացողն է զոհւում։

Ջոկատի հրամանատարը՝ Սեն Ակնունին նստած էր օդաչուի մօտ, ծոծրակով էր հետեւում տղաների խօսակցութիւններին, վրան բաց խնդուքներին։ Մէկ էլ աւանցի դզող-փչող Սաքոն նկատեց, որ տարօրինակ արկղատուփի վրայ է նստած, ցուցամատը ծալեց, թխկթխկացրեց։

Էս ի՞նչ է։

Թաքցնելու պատճառ կարծես թէ այլեւս չկար։ Ու ոչ էլ վախենալու։

Ուղղաթիռի չերեւացող անկիւնից ռուսական առոգանությամբ մի ձայն աւանցի Սաքոյին պատասխանեց.

Նոր զէնք է, անունը Վրիժակ է։

Ո՜նց թէ Վրիժակ…

Քմծիծաղը հետեւի նստատեղերում ծայր առաւ ու մինչեւ օդաչուի խցիկը հասաւ, գալարուեց, հռհռոցի վերածուեց: Խաչէնը՝ իրենց զօրահանգրուանը, հեռու էր, թռիչքն էլ՝ պտտահողմի պատճառով, տհաճ էր. տղաներն սկսեցին սրամտել, հանգեր կպցնել։ Ի վերջոյ Չապլինը վճռեց.

Վրիժակ չէ, ախպէ՛ր, Վրիպակ կը լինի։

Գէորգի անունը մնաց Վրիպակ:

Ուղեսրահի խօսակցութիւնները մի պահ Ակնունուն էլ ներառան﹐ տեղից վեր կացաւ, հաւասարակշռութիւնը դժուարութեամբ պահպանելով՝ ուղղաթիռը ծայրից ծայր կտրեց, տեղաւորուեց Գէորգի կողքին։ Նախ պատերազմին անյարիր բարեկիրթ դէմքը զննեց, մտածեց, թէ էս գիտնականին ո՛ւր է տանում, ապա ձեռքը մտերմաբար ծնկին դնելով՝ խնդրեց ցածրաձայն, առայժմ միայն իրեն ասել, թէ նորահնար զէնքը ինչի՛ համար է, ո՛ր դէպքում պիտի կիրառել։ Գէորգի՝ զեկոյցի նմանուող բացատրութիւններից Ակնունին ոգեւորուեց, ոստոտ մատներով աքցանի պէս սեղմեց ծունկը. «Ճիշտ ժամանակին ես եկել, ախպե՛րս» վճռեց ու օդաչուի մօտ՝ իր տեղը վերադարձաւ։ Հեռակապով իրեն էին փնտրում։ Կենտրոնական զօրակայանից էր. դեռ Արցախ չէր հասել, բայց հերթական տհաճ անակնկալն էին մատուցում, հրամայում էին ուղղութիւնը թեքել, Վարանդայում վայրէջք կատարել, Ամարասը պաշտպանել։ Երեւի դրա համար էին դեռեւս Երեւանից՝ «էրեբունի» օդանաւակայանից, շտապեցնում։

Չեմ գնայ, իմ ջոկատի կէսը Խաչէնում է, քանի տարի ես էդ սարաւանդներում եմ կռւում, Ամարասում ի՞նչ եմ կորցրել…

Գլխաւոր հրամանատարը խստաձայն, երեւի նաեւ խստադէմ ընդհատեց, յայտնեց, որ նախորդ օրը թշնամին յարձակուել է վանքի վրայ, Գրիգոր Լուսաւորչի թոռան՝ սուրբ Գրիգորիս նահատակի մատուռ-դամբարանը պղծել։ Հարեւան Մաճկալաշէն, Սօս, Հերհեր գիւղերի երկրապահները միացել, ելուզակներին դժուարությամբ են հետ քշել։ Բայց ուժերն անհաւասար են, յաջորդ յարձակումներին տեղական ջոկատները հազիւ թէ դիմադրելու ի վիճակի լինեն։ Գլխաւոր հրամանատարը նախքան պատերազմը երեւի պատմութեան ուսուցիչ էր եղել, Սենին էլ անհասկացող աշակերտի տեղ էր դրել, երկար-բարակ բացատրում էր, որ Ամարասի վանքը ոչ թէ պատահական մէկը, անձամբ Գրիգոր Լուսաւորիչն է կառուցել, վանքի առաջին դպրոցը ոչ թէ պատահական մէկը, անձամբ Մեսրոպ Մաշտոցն է բացել։ Ժամանակին Լենկթիմուրն անգամ գլխի է ընկել, որ մինչեւ Ամարասը չվերացնի, Արցախը չի նուաճի՝ վանքը կործանել, քարերը Արաքսն է թափել տուել. բայց նրա հեռանալուն պէս ժողովուրդը մէկ-մէկ հետ է բերել, վերականգնել։

Հիմա հասկացա՞ր﹐ թէ ինչու յատկապէս քեզ եմ ուղարկում﹐ Ակնունի﹐ շոյելով ու սիրաշահելով հայրենագիտութեան համառօտ դասընթացն աւարտեց գլխաւոր հրամանատարը:

Ակնունին մինչեւ վերջ լուռ լսեց, բայց ոչ թէ ծառայամտութեան, այլ այն բանի համար, որ ինքն էլ իր ասելիքն ասի, պայման դնի։

Հասկացայ, որ այդքան պնդում էք, Ամարաս կ՚իջնեմ, բայց վանքն իմ իմացած ձեւով կը պաշտպանեմ։

Պարտաւոր էր, զրահահարի համար գոնէ ձեւականօրէն պիտի ակնարկէր:

Քո իմացած ձեւը ո՞րն է, ա՛յ տղայ,— նպատակին հասնելուն պէս մտերմացաւ գլխաւոր հրամանատարը:

Հեռակապով մանրամասներ հաղորդել չեմ կարող՝ Մոսկուայից ռազմափորձագէտ է եկել﹐ նոր զէնք է բերել: Ով Ամարասին մօտեցաւ, վառելու, փոշի եմ դարձնելու:

«Մոսկուա», «ռազմափորձագէտ» բառերը ահաբեկեցին հեռահաղորդիչը.

Խելքդ գլուխդ հաւաքի, Ակնունի՛, էդպիսի բան չանես։ Առանց էն էլ թշնամիները աշխարհով մէկ վայում են, որ արտասահմանի հայերից արգելուած, զանգուածային ոչնչացման զէնքեր ենք ստանում։

Պատերազմը պատերազմ էր. վերադասի հրամանը չէին քննարկում, կատարում էին։ Չվիճեց։

3﹒

Առաւօտ շուտ ծմակներից ծուխ բարձրացաւ։ Բացատներում զատ-զատ հանգրուանած ջոկատները թէյի ջուր էին եռացնում։ «Բնօրրանի» տղաներն էլ զարթնեցին. առաջին ծխախոտները նոր էին վառել, Գէորգն ընկաւ աչքներով։ Տեսան, թէ ինչպէս է մարզահագուստով, զուգարանի բուրաւետ թղթով, խոնաւ անձեռոցիկով ու հոտազտիչով Ամարաս իջնում լուացուելու, սկսեցին սեռական կողմնորոշման մասին թափանցիկ ակնարկներ անել։

Որպէսզի սսկուեն, Ակնունին ամբողջ ջոկատին Գէորգի հետեւից լուացուելու ուղարկեց, յետոյ ստիպեց, որ վրան-վիրակապարանը տեղադրեն։ Դա նոյնպէս կարգ էր, որ տղաները նախքան մարտերը՝ դեռեւս նախորդ երեկոյ պիտի անէին﹐ բայց նախապաշարումից յետաձգում﹐ վատ կանխանշան էին համարում։ Փորձուած էր՝ ինչքան շուտ էին զօրահանգրուանում վրան-վիրակապարան ձգում, այնքան շուտ էին զինուորներ խփւում, վիրաւորւում։

Այդպէս էլ եղաւ։ Ջոկատը թէյի չէր անցել, կենտրոնական զօրակայանից գաղտնաբառով տագնապ հաղորդեցին. թշնամին Ամարասի վրայ յանկարծահաս յարձակում էր նախապատրաստում։ Ձայնորսիչները վերծանել էին նախորդ գրոհը ձախողած ազերի հրամանատարի յոխորտանքը.

Էս անգամ ես Լենկթեմուրի պէս միամտութիւն չեմ անելու, Ամարասի քարերը ջուրը չեմ թափելու, աղալու, փոշին քամուն եմ տալու, որ հայերը յոյսները կտրեն, ռադները քաշեն, իրենց Հայաստանը քոչեն։

Չանցած տասը երկվայրկեան տեղախոյզներն առաջագծից տհաճ տեղեկութիւն հաղորդեցին՝ հակառակորդի զօրակացքում կանաչ քօղածածկով հզօր հրասայլ էր յայտնուել: Հրամկենտրոնից Ակնունուն կարգադրեցին Ամարասում հանգրուանած մանր ու մեծ մարտախմբերը արագ միաւորել, ընդհանուր զօրակալութիւնն ստանձնել։ Սենն ինքն էլ էր հասկանում, որ թշնամու երկարող լռութիւնը լաւ բան չի խոստանում, միակ փրկութիւնը առաջիկայ գրոհը միասնական ուժերով դիմակայելն է։ Ոտքի վրայ մի բաժակ՝ սուրճից էլ թունդ թէյ խմեց﹐ վերցրեց Վրէժին, նա մարտադաշտում թէ՛ վարորդը եւ թէ՛ համհարզն էր, ջոկատից ջոկատ անցաւ։ Հրամանատարների հետ ծանօթանում, իրավիճակը բացատրում էր, բայց խօսակցութիւնը, որ մեղմ սկսւում, յետոյ աստիճանաբար բորբոքւում, անհեթեթ վէճի էր փոխւում: Փոխհամաձայնութիւն չէր կայանում։ Նախ տեղի՝ Մաճկալաշէնի, Սօսի, Հերհերի երկրապահները խռովեցին, կարծեցին՝ հայաստանցիները եկել, իրենց հողում ուզում են իրենց հրամայել, զէնքերը հաւաքեցին, շրջակայ բարձունքները տեղափոխուեցին։ Հայաստանի մարտախմբերը, աւելի վատ, ոչ թէ միաւորուել, ընդհանրապէս որեւէ մէկին ենթարկուել չէին ուզում։ Ամեն տասը հոգիանոց՝ ով գիտէ որ գիւղից եկած քոսոտ ջոկատի հրամանատար իրեն Անդրանիկ ու Դրօ էր կարծում, Ակնունին ո՜վ էր, նրանք Արցախի զօրակենտրոնին բանի տեղ չէին դնում։

Թշնամին իր մարտագծից ասես ուշի ուշով հետեւում էր տարաձայնութիւններին, վերջնական պառակտմանն էր սպասում։ Հէնց «Բնօրրանի» աջակողմեան ու ձախակողմեան սակաւաթէք լանջերը մերկացան, գրոհը ցնցեց հովիտը։ Նախ կրակային դարանից ճարճատեցին հեռահար հրանօթները, յետոյ հետեւակը լաւայի պէս ծմակներից Ամարաս յորդաց։ Ակնյայտ էր՝ թշնամին թուային առաւելութիւն ունէր, ուստի Ակնունին հրահանգեց դիրքաւորուել կենտրոնական խրամատում, առայժմ միայն ծածկապաշտպանուել։ Հակառակորդի հետեւակը, համոզուելով, որ հայերը չեն հակադարձում, վրաշարժն արագացրեց, ու ինքնաձիգների կրակահերթերի հետ ձեռնառումբեր պայթեցին պաշտպանական դիրքերում։ Կենտրոնական խրամատը փոշով, հողակոշտերով էր լցւում, «Բնօրրանի» տեսադաշտը փակւում էր։ Արկի բեկորից Արան վիրաւորուեց։ Այդ էլ քանիերորդ անգամ։ Նոր եկած մի կամաւորական, ում անունը չէին էլ հասցրել hարցնել, «մամա ջան» գոռալով օդ թռաւ, հէնց օդում էլ քարակոշտերի հետ ցրիւ եկաւ։

Երբ թշնամին այնքան մօտեցաւ, որ վրիպելն անհնար էր, Ակնունին հրամայեց դիմադարձ կրակ բացել։ Հակառակորդի առաջապահները համարեա «Բնօրրանի» դիրքերն էին հասել. դիմահար հրազարկերից անակնկալի եկան, ընկրկեցին։ Հետեւակը հասաւ առաջապահներին, արագ կողմնորոշուելով, որ հայերը միայն կենտրոնից են կրակում, տեղացրուեց. ըստ երեւոյթին հրամանատարը թելադրել էր թեւերով զարգացնել գրոհը։ «Բնօրրանի» տղաները չէին հասցնում նրանց կրակափակել, շրջապատման մեջ չընկնելու համար խրամատի մի ծայրից միւսն էին նետւում, բայց իրենց սահմանափակ ուժերով թշնամու առաջխաղացումը կասեցնելուն արդէն չէին հաւատում։ Ասես հայերին վերջնականապէս ընկճելու, համարեա նվաճած յաղթանակը չկորցնելու համար կանաչ քօղածածկով հրասայլը տեղաշարժուեց ու ուղիղ կենտրոնական խրամատը խուժեց։

Ակնունին տեսնում էր, որ պարտութիւնն անխուսափելի է, յամառելը, աւելորդ զոհեր տալն անիմաստ է, բայց յապաղում, նահանջի հրամանն ուշացնում էր։ Ով կռուել է, գիտի՝ զինուորը, առաւել եւս հրամանատարը մինչեւ վերջ յոյսը չի կորցնում, ռազմադաշտից պարտուած հեռանալու, ազատագրած տարածքներ զիջելու հետ չի համակերպւում։ Ակնունու ոստոտ մատները, որ կամքից անկախ թուլացել էին, տենդոտ պրկուեցին: Ուղեղը մաղձոտեց. մարտից յետոյ թող կանչէին կենտրոնական զօրակայան, ինչ ուզում է անէին, թեկուզ պատժախուց նետէին. hայեացքով գտաւ Գէորգին.

Լսի՛ր, քո էդ անտէրը ո՞ր օրուայ համար ես պահել, ինչքա՞ն ժամանակ է պէտք, որ գործի գցես։

Գէորգը չէր ընկալում, թէ շուրջն ինչ է կատարւում։ Ոչ էլ լսում էր։ Մեն-մենակ, որեւէ կերպ ճակատամարտին մասնակցած լինելու համար, որքան հնարաւոր է զգոյշ, արկղատուփից մետաղէ փայլփլուն սարքեր էր հանում, բութակներով ու երիթներով ամրացնում։ Ռազմափորձագէտ տղայ էր, դա էր կարողանում անել։ Ակնունու ասածը լսեց, տեղը տեղին զեկուցեց.

Զրահահարը համարեա պատրաստ է։ Եթէ հրամայէք, տասնհինգ երկվայրկեանից կը կրակի։

Քեզ տասը երկվայրկեան ժամանակ եմ տալիս։ Կանաչ քօղածածկով հրասայլը ուղիղ նշանառութեան տակ ես վերցնում։

Գէորգը դիրքաւորուեց, Վրիժակի փողը հրասայլին ուղղեց, բայց նշան չէր կարողանում բռնել։ Խոր ընկած աչքերը մշուշւում, մարտադաշտը ծովի ալիքների նման տարուբերում էին։ ԱՍԱԼԱ(*)-ի Ժիրոն, որ կողքին էր ու ակնդետ շարժումներին էր հետեւում, արհամարհանքով մի կողմ հրեց.

Ծօ՛ դուն իսկապէս վրիպակ ես, թուրք ալ չես կարողանում սպանես։

Բարկացած պահերին արեւմտահայերէն էր խօսում։

Մօտեցաւ նշանացոյցին, Գէորգի թելադրանքով փողը տարաւ-բերեց, հրասայլի կիսալուսնին ուղղեց։

Շո՛ւտ արէք, տղերքը թրթուրների տակ ճզմուելու, ցեխի մեջ հունցուելու են, դէմքը կարկտահարող խճաքարերն արդէն չէր զգում, հող էր թքում Ակնունին։

Մոսկուայից Ամարաս հասած զէնքն անսաց։ Վրիժակից անսպասելի ճառագայթների խուրձ ժայթքեց, լուսածիր կամար կապեց, մխրճուեց հակառակորդի դիրքը։ Հրասայլը արեւից էլ պայծառ լոյսից շլացաւ, ուղղութիւնը կորցրեց, ապա բռնկուեց, սկսեց անբոց այրուել… Մի ակնթարթ անց հալուել, մետաղի ծռմռուած կծիկ էր դարձել։ Թշնամու հետեւակը, կրակահերթերը դադարեցրած, ապշած նայում էր, թէ ինչպէս է հզօր հրասայլը լուցկու տուփի պէս ճթճթում։ Երբ ի վերջոյ, ինչպէս Ջինը արեւելեան հեքիաթներում, ծուխ դարձաւ ու չքացաւ, ազերի զինուորները սթափուեցին, ըստ երեւոյթին վախեցան, թէ հայերն հիմա էլ իրենց են ողջ-ողջ այրելու. յիշոցներով ու ալլահներին, շէյթաններին ոգեկոչելով՝ հետ քաշուեցին։

«Բնօրրանի» զինուորները, ովքեր Գէորգին դեռ ճանապարհին ձեռ առնելով Վրիպակ էին կոչել, առաւօտեան լուացուելիս էլ սեռական կողմնորոշման մասին թափանցիկ ակնարկներ արել, գրկեցին, օդ թռցրին, մոսկովեան էն մաքուր շորերը մրոտեցին։

Ապե՛ր, էս ինչ լաւ տղայ ես եղել, չենք իմացել։

Բա ինչի՞ էսքան ժամանակ ձէն չէիր հանում։

Գէորգը չէր արձագանքում, մտքով տեղից տեղ էր թռչում։ Մի Գէորգն, ի հարկէ, այստեղ էր՝ մարտադաշտում, հայաստանցիները շուրջը բոլորուել, զէնքերը ճօճելով, ջոկատի յաղթերգն էին թնդացնում։ Միւսը հասել էր Մոսկուայ, գիտկայանում հանգամանօրէն նկարագրում էր, թէ զրահահարը ինչպէս ծուխ ու մուխ դարձրեց ահեղ հրասայլը։ Երբ հայ ռազմափորձագէտները, իրենք իսկ իրենց ստեղծածի զօրութեանը չհաւատալով, խաչաձեւ սկսեցին հաշուարկային հարցեր տեղալ, Քափանակեանը, որ մինչ այդ լուռ, կողքանց էր լսում, տեղից վեր կացաւ, գրադարակից մարդաբանական պատկերագիրքը հանեց, տղաներին մօտ կանչեց։ Մատնացոյց էր անում նոյն էջում, կողք կողքի տպագրուած արմենոիդների ու մոնղոլոիդների գանգատուփերը, հարցնում.

Սրանցից որի՞ մէջ աւելի շատ ուղեղ կը տեղաւորուի։

Երիտասարդ գիտնականները ծիծաղեցին﹐ արմենոիդի գանգը ցոյց տուեցին։

Բա էլ ինչի՞ էք զարմանում, ամենայն լրջությամբ պատկերագիրքը փակեց, տեղը դրեց Վահան Տէրեանի հայրենակիցը: Եթէ հայերն անցեալում էլ խելքով կռուէին, ինչ թշնամի ուզում է լինէր, կը յաղթէին։ Գոնէ այս պատերազմում հասկանան այդքանը։

Մոսկուայի գիտկայանից Գէորգը մարտադաշտ էր վերադարձել﹐ յատուկ այդ նպատակի համար գնուած ճկուն կազմով ծոցատետրում Վրիժակի ձգաբանական հաշուարկներն էր աւարտում: Թուերի մէջ ընկղմուած, հռնդիւնը չլսեց։ Հրապատիճներից ծակծկուած մի բեռնատար կտրուկ շրջադարձով գետը ճեղքեց, բացօթեւանի մօտ ծուխ ու գոլորշի արտաշնչելով, շունչը փչեց։ Խաչէնի դարաւանդներում մնացած ջոկատի միւս տղաներին էր բերել: Յաղթանակածները նորից սկսեցին զէնքերը ճօճել, թափքից ցած ցատկողներին Վրիժակը մատնացոյց անել:

Եկէք տեսէ՛ք՝ մեր գիտնական ախպերն ինչ արեց։

Թաքնուած բանաստեղծ Հրաչը վերջին զինուորին անձամբ, համարեա գրկելով իջեցրեց։ Նա նոր համազգեստով էր ու ահաբեկուած տեսք ունէր՝ գայլերի ոհմակ ընկած նապաստակ էր։

Գեւ՛…

Ծանօթ ձայն լսեց, ականջներին չհաւատաց, շրջուեց, տեսածը խաբկանք կարծեց.

Արմո՞ւշ, երազ հօ չես…

Նորապսակները դէմ դիմաց կանգնած նայում, համազգեստներով խորթ, օտարոտի էին թւում։ Չգիտէին՝ բացօթեւանում, այդքան զինուորների ներկայութեամբ կարելի՞ է համբուրուել։

Էս ինչի՞ ես եկել…

Արմինէի ոսկեցոլ աչքերը չարաճճի փայլատակեցին.

Եկել եմ, որ քեզ ուրախ լուր յայտնեմ։

Ծեր կաղնին աւելի կռացաւ, նորապսակներին ամպհովանի դարձաւ: Արմինէն բարձրացաւ ոտքի մատների վրայ, ու չնայած ջոկատը ցրուել էր﹐ Գէորգի ականջին, ամաչելով շշնջաց.

Շուտով հայր ես դառնալու։

Ցաւդ տանեմ, ճի՞շտ ես ասում, ախր ես մի բան զգում էի, որ ուզում էի հաշուարկները վերջացնել (ձեռքի՝ ճկուն կազմով ծոցատետրը ցոյց տուեց), շուտ տուն գալ։

Դէ՛ վերջացրու, միասին գնանք։

4.

Ամերիկեան պահածոյի հոգեպահուստը էլ ո՞ր օրուայ համար էր։ Ամարասն անառիկ էր մնացել, զրահահարի փորձարկումը յաջող էր անցել, ջոկատի հարսը՝ Արմինէն, ճիշտ է, բացէիբաց չէր ասում, բայց ոնց որ թէ յղի էր:

Նրա յայտնվելը կամաւորականներին փոխել, նախապատերազմական ջահելութեանն էր վերադարձրել: Բոլորն էլ իրենց լաւ էին զգում, որ առաջագծից վերադառնալիս զօրակացքում աղջիկ էին տեսնում։ Ջոկատի բուժքոյրը՝ հոռաթաղեցի բարակիրան, խլշկոտած աչքերով Մեղրիկն էլ էր աղջիկ, հլա Արմինէից նուրբ ու քնքուշ աղջիկ, բայց նրան վարժուել էին, իրենց պէս զինուոր էին համարում, ոնց ուզում, ասում-խօսում, մինչեւ իսկ հետը վրանբաց կատակներ էին անում։ Մինչդեռ Արմինէի ներկայութեամբ աշխատում էին չհայհոյել ու հանդիպելիս ակամայ ժպտում էին։ Հէնց թէկուզ այն բանի համար, որ յղի-յղի ամուսնու ետեւից ռազմաճակատ էր հասել ու ոչ թէ հիւր﹐ իրենց պէս﹐ իրենցից մէկն էր դարձել:

Օրը վերջացել, լոյս ու մութ իրար էին շաղախուել, շիլ Առաքելը ամերիկեան պահածոյով Գիւմրուայ բոլորեփը սաղարթաշատ կաղնու տակ բերեց: Մեղրիկը Արմուշ քույրիկի առաջ իսկական ափսէ, ջոկատի միակ պատառաքաղը դրեց։ Տղաները սոված էին, բայց դափնետերեւ բուրող բոլորեփին ձեռք չէին տալիս, հարցական հրամանատարին էին նայում։

Դէ՛ սկսէք, մի՛ սառեցրէք, եղինծի ու մսի հերթական բուրգը մատուցելով՝ հրահանգեց Շիլ Առաքելը, որովհետեւ գովեստի ձայնարկութիւնները, որ ակնկալում էր, ուշանում էին։

Հրամանատարը որսաց տղաների հայեացքը, գլխով արեց, որ բերեն։

Յաղթանակի կապակցութեամբ մի-մի բաժակ կարելի է։

Զինուորական տափաշշով յայտնուեց Արցախի դեղնականաչաւուն կոնեակը։ Յենադաշտի ոչ մի բաժակը միւսին նման չէր, մեծ մասը ջարդած բռնակոթով, թռած եզրերով սուրճի էր։

Մեր ջոկատի, գիտնական ախպօր Մոսկուայից հասցրած զէնքի, վերջնական յաղթանակի համար։ Հա՛րս ջան, դու էլ բարով ես եկել, ապրե՛ս, ոտքդ խերով էր։

Ակնունին չէր հասցրել բաժակը շուրթերին տանել, հեռակապը դզդզաց։ Ադրբեջանական ջոկատի հրամանատարն էր, զոհերին հաւաքելու թույլտվութիւն էր խնդրում։ Ակնունու տրամադրութիւնը բարձր էր, յաղթողի մեծահոգությամբ արտօնեց, բայց մի ակնթարթ անց կասկածի որդը ներսում նենգ գալարուեց. ազերիները մինչ այդ իրենց դիակներին տէր չէին կանգնել, էս մթնշաղին ի՞նչ էին իմացել։ Թէ՞ վերջապէս հայերից սովորել էին, որ ընկերը, մանաւանդ պատերազմի ընկերը, զոհուելուց յետոյ էլ է շարունակում ընկեր մնալ։ Նա տղաներին կարգադրեց տափաշիշը վերացնել, երկուսի փոխարեն չորս դիրքապահ ուղարկեց առաջագիծ։

Քիչ անց մէկը հեւիհեւ եկաւ, զեկուցեց.

Պարո՛ն հրամանատար, թուրքերը մեռելներին թողած, սողեսող մեր խրամատներին են մօտենում։

Ակնունին շպրտեց գդալը.

Գիտէի, որ մեր էս պստիկ ուրախութիւնը թունաւորելու են։ Մարտի՛։

Կամաւորականները կիսածամ բրդուճները սփռոցին դրեցին, ինքնաձիգները խլխլեցին, նետուեցին դիրքերը։ Մեղրիկը բուժքույրական պայուսակը վզովն անցկացրեց, տղաների հետեւից գնաց։ Սփռոցի շուրջը մնացին Արմինէն, Գէորգը, մէկ էլ գլխից վիրաւոր Արան։ Գէորգը առանց նայելու էլ տեսաւ կնոջ հայեացքը, ամաչեց. ի վերջոյ համազգեստ էր հագնում, զէնք էր կրում: Վեր կացաւ.

Գնամ, Արմո՛ւշ ջան, դու Արայի մօտ կը մնաս։

Գեւ՛, կրակել սովորե՞լ ես։

Էն էլ ո՜նց։

Հո չէր ասելու, որ մարտական պարապմունքների ժամանակ յարդով լցուած թիրախներին նշան էր բռնել, բայց քանի որ կենդանի մարդիկ էին թուացել, չէր կարողացել մարմինները խոցել։

Ազերիները, վիշապօձի պէս գալարուելով, աղջամուղջի միջով ցրուած սողում էին։ Իրենց դիակները շրջանցում, վիրաւորների տնքոցներին անգամ ուշադրութիւն չէին դարձնում. երեւի հրահանգ էին ստացել աննկատ սահմանաբաժանին մօտենալ, անակնկալ վրայ տալ։ Բայց հէնց որ մթան մեջ Ամարասի վանքն ուրվագծուեց, ցաքուցրիւ, ցանցառ կրակեցին, կանգ առան, դիրքաւորուեցին։ «Բնօրրանի» տղաներին դա տարօրինակ թուաց, ու քանի որ Վրիժակն ամենքին ինքնավստահ էր դարձրել, բացազատուեցին, խոյացան թշնամու վրայ: Ազերիներն էլ դրան էին սպասում։ Հէնց հայերին դիրքերից հանեցին, հեռւում որոտաց համազարկային համակարգը։ Միայն թէ այն հրասայլի պէս չէր մօտենում, ծառերով քօղարկուած բլրի բարձունքից էր կրակում։ Բաց դաշտում յայտնուած հայերի վրա շաչելով պայթեց առաջին գնդիկաւոր արկը, երկրորդը, երրորդը… Ջոկատը ցիրուցան եղաւ։ Մեղրիկը սաղաւարտը դրեց, կուզէկուզ մարտադաշտ մտաւ։ Նախ վիրաւորներին էր փրկում. եթէ զոհեր կային էլ, կը սպասէին, զոհերը համբերութիւն ունէին։ Թշնամիները, համոզուելով, որ հեռահար հրետակոծությամբ անսպասելի յայտնուած սատանայական զէնքը շարքից հանել, փորձարկած ջոկատին էլ մի լաւ պատժել են, դիրքերն առաջ տուեցին, հետ՝ անտառի իրենց հանգրուանը քաշուեցին։ Իսկական ղաչաղի կռիւ։

Խրամատից խրամատ անցնելով՝ Մեղրիկը չորս վիրաւորի բերեց, ծեր կաղնու խարշափի ներքոյ, հէնց Արմինէի ոսկեցոլ աչքերի առաջ կողք կողքի պառկեցրեց։ Չորսն էլ տնքում, ցաւազրկող էին խնդրում։

Հրամանատարը վերջինը դուրս եկաւ մարտադաշտից։

Մեղրի՛կ, հո զոհեր չունե՞նք։

Չէ, պարո՛ն հրամանատար, մերոնք բոլորն էստեղ են։

Ո՞նց թէ էստեղ են, սփրթնեց նորահարսը , Գէորգը չկայ։

Չի կարող պատահել, Ակնունին սրտնեղ շուրջը նայեց, կողքիս էր, ես եմ հետ ուղարկել։

Չի եկել։

Հրամանատարն իսկույն երեք փորձուած զինվոր վերցրեց﹐ վերադարձաւ գնդիկաւոր արկերից բզկտուած, ծխացող ու մխացող մարտադաշտը, մետր առ մետր սողալով սանրեց։ Գէորգի հետքն էլ չէր երեւում։Ազերիները գիտէին, որ լաւ ջարդուելուց, նահանջելուց յետոյ անգամ հայերը դիակների, վիրաւորների հետեւից գալու են, լեռնաթմբերի հետեւում դարանակալել, ուղիղ նշանառութեան տակ էին առել իրենց զինընկերոջը որոնող բնօրրանականներին։ Գեղամի ազդրը վիրաւորուեց։ Պարկուճներն անընդհատ կարկտահարում էին առանց այն էլ ցաւից տնքացող հողը։ Խաւարկուր գիշերում նոր զոհեր տալը իմաստ չունէր։ Եթէ Գէորգը վիրաւորուած կամ զոհուած լինէր, սաղավարտը, զէնքը, որեւէ նշան կգտնէին։

Հե՛տ քաշուել, կարգադրեց Ակնունին։

Հրամանատա՛ր ջան, Գէորգն ո՞ւր է, հէնց մոտեցան, Արմինէի ձայնը կապտեց-կանաչեց։

Համբերի՛ր։

Կինն իր ներկայությամբ ճնշում էր, չէր թողնում յանկարծահաս մարտի դրուագները վայրկեան առ վայրկեան վերականգնել։ Ակնունին յստակ յիշում էր Գէորգի յայտնուելու, իր զայրանալու, յետ ուղարկելու պահերը։ Նույնիսկ շրջուել, նայել էր, թէ ինչպէս է կուզէկուզ զօրահանգրուան վերադառնում: Երեւի մարտը չաւարտուած՝ ամաչել է ջահել կնոջը երեւալ, մի խանդակում նստել, հրադադարին է սպասել։ Եթէ այդպէս է, ո՞ւր է մինչեւ հիմա։ Գիշերը հետզհետէ թանձրանում էր, Արմինէի դէմքին նայել չէր լինում։

Ակնունու համար ամենանուաստացուցիչը յաղթած հրամանատարի հետ հաղորդակցուելն էր, չնայած առաջին անգամը չէր, երկու կողմից էլ նախադէպեր եղել էին։ Հեռահաղորդիչը վերցրեց, թշնամու զօրահանգրուանի հետ կապ խնդրեց։ Այն հրամանատարը, ով մարտից առաջ դիակները հաւաքելու թոյլտվութիւն էր աղերսում, հիմա արդէն խօսել չէր ուզում։ Երեւի ռուսերէն չէր էլ իմանում։

Ես էդ շան լեզուից բան չեմ հասկանում, էստեղ մէկը կայ, հայերէն գիտի, հեռակապն իրեն եմ տալիս։

Հայերէ՞ն…

Ընկալուչում խլվլոց, երեւանեան հնչերանգով ձայնարկութիւն լսուեց։ Ակնունին ճակատը շփեց, որ հանգիստ խօսի.

Դուք իմ տղաներից մէկին մարտի ժամանակ գերի էք վերցրել, փոխանակում եմ առաջարկում։

Խօսակցի ձայնը չքմեղացաւ.

Վալլա-բիլլա, մեզ մօտ ձերոնցից մարդ չկայ։ Դու էն ասա՝ երեւանցի՞ ես։

Ստիպուած էր պատասխանել.

Երեւանցի եմ։

Վա՜յ, Երեւանի ցաւը տանեմ, ես Ցախի մեյդանում եմ ծնուել, մեծացել։ Պուլպուլակները հօ չե՞ն չորացել։ Էսքան ժամանակ քոչել եմ, կարգին ջուր չեմ խմել։ Բայց մէկ է, սիրտս կը հովացնեմ, ձեզնից մուռս կը հանեմ։

Համբերեց, որ վերջացնի, ինքն իրենը շարունակեց.

Եթէ երեւանցի ես, ինձ պիտի օգնես։ Զինուորը, ում մասին հարցնում եմ, իմ տղան է։ Միակ տղան։

Որ էդպէս է, մի ժամի՛ց զանգի։

Մի ժամից զանգահարեց։

Երկու ժամի՛ց զանգի։

Զանգահարեց։

Վաղ առաւօ՛տ զանգի։

Յաջորդ առաւօտեան, հէնց կապը հաստատվեց, Ակնունու նյարդերը չդիմացան, ընկալուչը Հայրենասեր Հայկին տվեց։

Խօսակցութիւնը կարճ տեւեց։

Երեկ, ճիշտ է, ձեզնից մէկին գերի ենք վերցրել, բայց որոշել ենք՝ Կիրովաբադ կամ Բաքու՝ բերդ պիտի ուղարկենք։ Հրացանի փողը ստուգեցինք, մրոտ էր, ով գիտէ մերոնցից քանի հոգու է սպանել։

Հայկն ուզում էր ասել, որ Գէորգը կրակել չգիտէր, կապն ընդհատեցին։

Կիրովաբադի, մանավանդ Բաքվի բերդերը հայտնի էին, ահաւոր համբաւ ունեին։ Այդ բանտերում միջազգային դիտորդներից զգուշանում, ռազմագերիներին չէին վերացնում, բայց հարցաքննելիս մահմեդական անլուր կտտանքների, նսեմացումների էին ենթարկում։ Վերջում էլ ողնուղեղները քարիւղ էին սրսկում, որ ընդմիշտ տկարամիտ, հաշմանդամ մնան։ Այդքանից յետոյ միայն, եթէ ի հարկէ Կարմիր խաչը միջամտում էր, փոխանակում էին։

Նորահարսը նման մանրամասներ չգիտէր, բայց Ակնունու հայացքից կառչում, մօտից մի քայլ չէր հեռանում։ Հրամանատարի նեարդերը չդիմացան, հեռակապը Հայկի ձեռքից քաշեց, հայերէն խօսող ասկեարին ուզեց, ուղղակի ասաց.

Ես իմ տղայի համար մեծ փրկագին եմ առաջարկում։

Հա՞﹐ դէ մի րոպէ սպասի՛։

Երեւանցի ադրբեջանցին հեռահաղորդիչը հրամանատարին տուեց։ Սա իր անտանելի ռուսերէնով, ասես ռուսերէնը ձեռ առնելով, հեգնեց.

Էդ ինչքա՞ն։

Միտքն ընկած, լեզուին եկած թիւն ասաց.

Մէկ միլիոն։

Ձայնը փափկեց.

Դէ՛, տեսնեմ, ես իմ գլխի տերը չեմ, պիտի վերեւներում համոզեմ, համաձայնեցնեմ…

Որպէսզի չասի՝ վաղը զանգէք, վրա տուեց.

Երկու միլիոն։

Հասկացայ, հասկացայ, մենք ձեզ պէս արնախում չենք, խիղճ ունենք։ Վաղը չէ միւս օրը առաւօտ շուտ փողը կը բերես չէզոք գոտի, տղայիդ ողջ-առողջ կը տանես։ Միայն թէ էս անամօթութեանը վե՛րջ տուէք, սիկտիրներդ մեր հողից քաշէ՛ք, ձեր Հայաստա՛նը գնացէք։

Սենը հայհոյանքն էլ կուլ տուեց, որովհետեւ կասկածել սկսեց։ Իսկ եթէ վաղը չէ միւս օրը պարզուի, որ Գէորգին ո՛չ տեսել են, ո՛չ գերել։ Կամ էլ արդէն…

Ձեր բոլոր պայմաններին համաձայն եմ, միայն թէ հասկացէ՛ք, հայր եմ, ուզում եմ տղայիս գոնէ ձայնը լսեմ։

«Հայր եմ»-ը երեւի ազդեց։ Հեռահաղորդիչի մեջ խառնաձայներ, տնքոցներ արձագանք տուին. տնքացողը ոնց որ Գէորգն էր: Երեւանցի ազերին կարճ կտրեց.

Տղադ չի ուզում հետդ խօսի։

Կապն ընդհատուեց։ Յոյս, յամենայն դէպս, կարծես թէ կար։ Ճար չունէին, պիտի դրանից կառչէին։ Ակնունին դզող-փչող Սաքոյին, ԱՍԱԼԱ-ի Ժիրոյին շտապ Երեւան ուղարկեց։ Հրամայեց ինքնաձիգներն էլ հետները վերցնել։

Թէ չճարէք, կը մտնէք, զէնքով դրամատուն կը թալանեք։ Թոյլ եմ տալիս։

Հը՛, փողն ի՞նչ եղաւ,դրանից յետոյ օրը երեք անգամ հեռահաղորդիչով չարախնդում էին ադրբեջանական դիրքերից։

Համբերէ՛ք, բերում ենք։

Ակնունին զօրահանգրուանը թողնում, դաշտերն էր ընկնում, որ նորահարսին չտեսնի։ Նա մարդավարի լաց լինել չէր կարողանում, անընդհատ մրսում, սրսռում-սրսփում, վերջում էլ փայտանում էր։ Մեղրիկը տատերից տեսած-սովորածով՝ ձեռքերը, ոտքերը Արցախի թունդ օղիով մաժում﹐ քնաբեր սրսկելով էր մի կերպ հանգստացնում։

Տղաները յաջորդ օրը, լույս աչքով վերադարձան։ Հետները մի տոպրակ խորհրդային ռուբլի էին բերել։

Այս անգամ Ճուտոն փողատիրոջ ինքնավստահութեամբ բանակցեց.

Մենք պատրաստ ենք։

Պատրաստ էք, բերէ՛ք։

Գումարը վերցրին, պայմանաւորուած ժամին սահմանաբաժան շարժուեցին։ Առջեւից Ակնունին էր քայլում, հետեւից փողի տոպրակով Հայրենասէր Հայկը։ Որոշ հեռաւորութեան վրայ, փոխանակութեան սահմանուած կարգով, զէնքերը պատրաստ պահած, նրանց անվտանգութիւնն էին հսկում Ժիրոն, Վրէժը։ Դզող-փչող Սաքոն, Արմինէն, Մեղրիկը հեռուից, դիտորդի պէս էին առաջանում: Կնոջը շրջադիտակ էին տվել, որ տեսնի, թէ ինչպէս են ամուսնուն փրկագնելու։ Սահմանաբաժանում, որտեղ կայանալու էր հանդիպումը, հայերը կանգ առան։ Ազերիների դիրքերում ծորուն, իրենց դրօշի գույնի դեղնականաչ լռութիւն էր։ Հայկը փորձեց հեռահաղորդիչով կապ հաստատել, չարձագանքեցին։

Հրամանատա՛ր, սիրտս լաւ բան չի գուշակում, յետ դառնանք, նյարդայնացաւ﹐ ընչացքներն սկսեց ձգոտել Հայկը։

Յետ դառնանք, հարսին ի՞նչ ասենք։

Հայկին լռեցնում﹐ բայց ինքն էլ էր արդէն կասկածել սկսում: Վերջապէս հանդիպակաց հողահանդից ազերիները լուսահրթիռ արձակեցին։ Այսինքն՝ պատրաստուէք, բերում ենք։ Իրօք, շատ չանցավ, Գէորգը երեւաց։ Խեղճին խոշտանգել էին, քայլել չէր կարողանում, երկու հոգի թեւը մտած՝ մի կերպ քաշքշում էին։ Բայց հաստատ Գէորգն էր. Ակնունին հեռադիտակով դիմագծերը որոշակի տեսնում էր։ Ազերիները հասան լերկ լեռնաթմբին, կանգ առան։ Էլ չէին առաջանում։ Մէկ էլ, որտեղից որտեղ, երկու մետրանոց խաչափայտ յայտնուեց։ Հէնց լեռնաթմբի վրայ, անշտապ, ասես խորովածի պատրաստութիւն էին տեսնում, Գէորգին խաչափայտին մեխեցին, խաչափայտը կանգնեցրին ու կրակ տուին։ Նա երեւի ողջ էր, մինչեւ հրդեհի բոցերի մեջ տարրալուծուելը ջղաձգւում էր։ Երբ կրակը մարմրեց, մոծիր, մոխիր դարձաւ, հրավառութեան լուսարձակների գունեղ շիթերը ողողեցին միջոցը։ Ինչպէս ռամադանի տօներին։

5﹒

Երեկոյան Ամարասի հովիտը համրանում, ալիքների ճողփիւնը կորչում էր սէզերի սվսվոցում։ Ակնունին կաղնու շուրջը տենդոտ պտտւում, անընդհատ երկնքին էր նայում։ Արեւը վաղուց մայր էր մտել, բայց յամառօրէն չէր մթնում, վերջալոյսի կարմիր մի պատառ կպել էր Ննգիի բարձունքին, նեարդերի հետ էր խաղում: Հէնց «Գայլավաշտի» տղաները տեղ հասան, հրամայեց թիւ 1 առաւելարկմամբ զինուել։ Վերջապէս օրը թառամեց, թանձրամութը սաղարթների արանքով ծորաց, ու բուն միայն մի անգամ չարագուշակ կռնչաց։ Դա հրամանատարի գիշերային մարտական գործողութեան ազդանշանն էր։ «Բնօրրանը» ձախ, «Գայլավաշտը» աջ կողմից, տեղաբնիկ ուղեկցորդների առաջնորդությամբ մետր առ մետր յաղթահարում էին լեռնալանջը։

Ով ծպտուն հանեց, վրաշարժը խափանեց, գնդակահարելու եմ,դեռեւս զօրահանգրուանում սպառնացել էր հրամանատարը։

Հասնելով ծմակներին՝ հայաստանցի կամաւորականները, ուղեկցորդների ցույց տուած կածաններով տեղացրուեցին, աղեղնաձեւ ռազմակալեցին ադրբեջանական դիրքերը։ Երբ նահանջի հնարաւոր բոլոր ուղիները արգելափակուեցին, բուն երկրորդ անգամ կռնչաց։ Հենադաշտից բլուր բարձրացաւ գրոհող երրորդ՝ թիկունքի մարտկոցը։ Առջեւից, Վրիժակը ուսին, սողում էր ԱՍԱԼԱ-ի Ժիրոն, ու քանի որ հրամանատարն արգելել էր ծպտուն հանել, հայեացքը բլրի գագաթից չկտրելով՝ մտքում էր սպառնում.

Հիմա Վրիպակ Գէորգը իր մայրիկը լացնող թուրքին մայրիկը պիտի լացնէ։

Բուն երրորդ անգամ կռնչաց, ադրբեջանական դիրքերում շարժում նկատուեց։

Կրա՛կ,Ակնունին առաջին անգամ շշնջաց, յետոյ արագաձիգի հերթազարկերի պէս վրայ-վրայ կրկնեց,կրա՛կ, կրա՛կ ասում եմ…

Վրիժակը հրէ երախը լայն բացեց, շանթի ու բոցի լեզուակներ հանեց, ասես ուզում էր հանդիպակաց զօրահանգրուանը զինուորներով, զէնքով հանդերձ կուլ տալ, վերացնել։

Ասկեարները իւրովի էին տօնել հայ մարտիկներին ստորացնելը, փոխանակելու փոխարէն նրանց աչքերի առաջ գերուն խաչելն ու ողջ-ողջ այրելը։ Հրամանատարի թոյլտվութեամբ դաշտից կանեփի չոր տերեւներ էին հավաքել, ծխել, շշմած քնով էին ընկել։ Երկնքից թէ ծառերի արանքից շանթանման լուսածիրները տեսնելով՝ վեր թռան, «Հայերի լազերը գալիս է, փախէք» գոռալով՝ ցրիւ եկան։ Ուշ էր, նահանջի բոլոր սողանցքերը խցանուած էին, ազերիները դիրքից դիրք էին նետւում, չէին կարողանում շրջակալումից դուրս պրծնել: Հայերը կանոնակարգուած համազարկերով գնդակահարում էին բոլորին՝ դիմադրողներին, զէնքը վայր նետող փախչողներին, վիրաւորներին, գերի յանձնուողներին։

«Ես ձերոնցից եմ, Ցախի մեյդանից եմ, հայ եմ» ասող ասկեարին, որը ոչ թէ ձեռքերը վեր բարձրացնելով, սողալով էր հրամանատարի ոտքերն ընկնում, կրկնակի կրակահերթով ծուէն-ծուէն արեցին։

Վերջում Ակնունին անձամբ ստուգողական երկու ձեռնառումբ նետեց ադրբեջանական խրամատները, եւ երբ պարզուեց, որ ոչ ոք չի փրկուել, Ժիրոյին նշան արեց։ Վրիժակը վերջին շիթերով այրեց Ամարասը աղալ, փոշի դարձնել ուզողների պաշտպանական պատնէշները, զինապահեստները, հրասայլերը, իզն ու թոզը։ Գէորգը զոհուել էր, բայց զրահահարով դեռ կռւում էր ու կռուեց այնքան, մինչեւ չծնուած երեխային որբացնողներից վրէժը լուծեց: Հազար եօթ հարիւր տարուայ վանքը վկայ դարձաւ﹐ նա այրացաւ, արեց այդ բանը:

Քարակոյտերից դուրս պրծած, մթան մեջ ճերմակ փորը բացած գետակը դեռ չէր քնել։ «Բնօրրան», «Գայլավաշտ» ջոկատների կամաւորականները նրա քչքչոցով լվացուեցին, բռերով խմեցին, չյագեցան։ Հրամանատարը ջրին չմօտեցաւ էլ: Սիրտը հովացնելու համար նա վիրակապարան ուղղուեց, բայց վերջին պահին քաշուեց ներս մտնել, Մեղրիկին դուրս կանչեց: Զինուորներն իրենից առաջ ընկան, վրայ տուին.

Քուր﹐ գնա Արմինէին ասա, որ Գէորգն իրեն վառողներին վառել է: Ոչ մէկը չի փրկուել։

Մեղրիկը ուրվաստուերի նման կանգնել էր ամբողջ ջոկատի առաջ, կարկամել։ Երբ տղաները նոյնը երկրորդ, երրորդ անգամ կրկնեցին, թուաց﹐ նոր հասկացաւ, թէ ինչ են ասում﹐ փղձկաց.

Ի՞նչ է եղել,— շանթահարուեց Ակնունին։

Մեղրիկը նայեց մարտընկերների յաղթանակած﹐ խանդավառուած դէմքերին, երեսն ափերի մէջ առաւ, աւելի բարձր լաց եղաւ։

Երեխայ աղջիկ էր, այդքան տղամարդու մօտ ո՞նց ասեր, որ Արմինէն վիժել է…

Երեւան

One thought on “ՎՐԻԺԱԿ”

Leave a Reply